Ազնվամորու պտուղները, բացի շատ համեղ լինելուց, օժտված են քրտնամուղ եւ հակաբորբոքային ազդեցությամբ, իսկ պատրաստուկները՝ քրտնամուղ, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբորբոքային, հանգստացնող, վիտամինային ազդեցություններով:
Ազնվամորին կարգավորում է ստամոքսի եւ 12-մատնյա աղու գործունեությունը, վերականգնում է նյութափոխանակությունը: Կիրառվում է հարբուխի, մրսածության ժամանակ: Չոր պտուղները մտնում են բազմաթիվ քրտնամուղ թեյերի, հավաքների կազմի մեջ: Թարմ պտուղներն օգտակար են աթերոսկլերոզի, սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության եւ շաքարային դիաբետի ժամանակ: Որպես հանգստացնող միջոց կիրառվում է նեւրասթենիայի եւ նեւրոզների ժամանակ: Կիրառվում է նաեւ որպես ախորժաբեր միջոց:
Դեղատոմսեր եւ պատրաստուկներ
Մրսածության, հարբուխի, անգինայի ժամանակ 20 գրամ չոր պտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, քամել: Ընդունել 1/3 բաժակ՝ օրը 3-4 անգամ:
Որպես քրտնամուղ միջոց՝ 2 ճաշի գդալ պտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 20 րոպե, քամել: Ընդունել 2 բաժակ՝ միանգամից տաք վիճակում:
Թութքի դեպքում 10 գրամ ծաղիկների եւ 10 գրամ տերեւների վրա ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, քամել: Կիրառել լվացումների, թրջոցների ձեւով:
Կոլիտների, էնտերոկոլիտների ժամանակ 4 ճաշի գդալ պտուղներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, քամել: Ընդունել 0,5 բաժակ՝ օրը 4 անգամ՝ ուտելուց առաջ:
Ստամոքսային ցավերի, խանգարումների, աթերոսկլերոզի դեպքում ազնվամորու հյութը ընդունեք 0,5 բաժակից, օրը 3 անգամ: Աթերոսկլերոզի ժամանակ ամեն օր առավոտյան ընդունել 1 բաժակ հույթ՝ ուտելուց 30 րոպե առաջ:
Հակացուցումներ
Պտուղները հակացուցված են պոդագրայի՝ հոդատապի եւ նեֆրիտների ժամանակ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
19.07.2017