ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր Ծաղկաձորի մարզաբազայում այցելեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք- 2017» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներին:
Նախարարը մաղթեց արդար պայքար, որում կհաղթեն արժանավորները, այնուհետեւ հետեւեց «պարանի ձգում» մրցաձեւի եզրափակիչ պայքարին:
Aravot.am-ի հետ զրույցում նախարար Հրաչյա Ռոստոմյանն ասաց. «Ընտանիքի առողջությունն առաջնահերթություն է, առողջ ընտանիքը՝ երկրի զարգացման եւ կայունության հենասյուներից մեկը: Որքան ընտանիքը առողջ ու ամուր լինի, այնքան առողջ ու կայուն կլինի Հայրենիքը: Այս առումով ես այս մրցույթը համարում եմ կայացած: Տեսեք, թե հիմա քանի ընտանիք է մասնակցում այս մասսայական միջոցառմանը: Ընդ որում, այստեղ խոսքը մարզական բարձր նվաճումների մասին չէ, այլ առողջ ընտանիքի: Ու լավ է, որ տարին՝ տարվա վրա մրցույթի մասնակիցների թվաքանակը շեշտակի աճում է եւ արդեն հազարներով է հաշվվում: Վստահ եմ, որ աճի այս տեմպը կշարունակվի»:
Հրաչյա Ռոստոմյանին խնդրեցինք որպես ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար խոսել այս ոլորտում նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատանքների մասին:
«ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես բազմաթիվ մարզական մասսայական միջոցառումներ են կազմակերպում՝ կարեւորելով ազգաբնակչության առողջությունը, արդար պայքարի ոգին եւ պարգեւատրում են ուժեղներին ու հաղթողներին: Ընդ որում, Գագիկ Ծառուկյանի համար էական չէ, թե ով է կազմակերպիչը, այլ այն, որ արվում է առողջ ապրելակերպի, ընտանիքների համար: Դրանում կհամոզվեք նաեւ հուլիսի 22-ին, երբ կամփոփվեն «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի վերջնական արդյունքները»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ