Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանով մեկ միասնական տրանսպորտային ցանցը կկարգավորի գյուղերից դեպի մարզկենտրոն ուղեւորափոխադրումը

Հուլիս 19,2017 20:50

Հայաստանով մեկ միասնական երթուղային ցանց ստեղծելու ակնկալիքով տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարություն կներկայացնի այդ ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը: Վաղը նախարար Մարտիրոսյանը կառավարության նիստում վարչապետին իր այս նախագիծը կպատճառաբանի անարդյունավետ երթուղային ցանց ունենալու հանգամանքով` խոստանալով նոր ցանցի դեպքում արդյունավետ ուղեւորափոխադրում  գյուղերից դեպի մարզկենտրոն եւ հակառակ ուղղությամբ:

Վահան Մարտիրոսյանը. ներկայացնելով ներկայիս վիճակը, նախագծում նշել է. «Չվացուցակները կազմվում են այնպես, որ հնարավոր չի լինում ապահովել գյուղերից մինչեւ մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետեւ դեպի Երեւան կամ այլ մարզի խոշոր քաղաք ուղեւորների արդյունավետ փոխադրումը: Որոշ երթուղիներ տնտեսապես հիմնավորված են եւ դրանց համար բազմիցս հայտարարված մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով»:

Նախարարը նաեւ թերություն է համարում, որ   գործող երթուղային ցանցում հնարավոր չէ ներդնել միասնական տոմսավորման համակարգ եւ շահագործվող տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ, ինչն էլ իր հերթին թույլ չի տալիս ուղեւորներին արդյունավետ կազմակերպելու ուղեւորությունը:

Ըստ նրա. «Կկազմակերպվի արդյունավետ ուղեւորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետեւ դեպի Երեւան: Ելնելով ուղեւորահոսքի ծավալներից, կորոշվի երթուղիներում անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակը, արդյունավետ կկազմակերպվի հանրապետության ավտոկայարանների, ավտոկայանների, երթակարգավարական  կետերի աշխատանքը»:
Ցանցի ներդրման արդյունքում պարոն Մարտիրոսյանը համոզված է, որ հանրապետության բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ, կկրճատվի ուղեւորության համար ծախսվող ժամանակահատվածը, կանոնավոր ուղեւորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները կհամապատասխանեցվեն փաստացի ուղեւորահոսքի ծավալներին, կբարձրանա ուղեւորափոխադրումների արդյունավերտությունը եւ ոլորտի վերահսկողության մակարդակը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31