Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական Բիթլզի» տղաները, նրանց երկար մազերն ու շորերը, իբր «ֆաշիստական» երգերը դարձել են քննարկման առարկա. «Երազողները»

Հուլիս 19,2017 20:07

Այսօր «Մեդիա կենտրոնում» Հայկական «Բիթլզի»` «Երազողները» ֆիլմի ցուցադրությունն էր: Ֆիլմը համացանցում է հայտնվել օրեր առաջ, գրեթե 50 տարի կորած էր համարվում: Այն նկարահանել է խորհրդային հայ ռեժիսոր Անատոլի Մոկացյանը 1969-ին:

Ֆիլմի ցուցադրությունից հետո քննարկման ժամանակ ռոք խմբի անդամներ Զավեն Սարգսյանը, որը Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրենն է, եւ կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը ուշագրավ դրվագներ ներկայացրեցին իրենց նկարահանումներից, համերգներից ու հյուրախաղերից:

Պոլիտեխնիկի ուսանողներ Հրայր Կոտոյանը, Զավեն Սարգսյանը, Հակոբ Պետրոսյանը, Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը, ում այնուհետեւ փոխարինեց Արմեն Զաքարյանը, Beatles-ից ոգեշնչված՝ 1965-ին ձեւավորել են իրենց խումբը եւ մեկ տարի անց արդեն հանդես եկել համերգներով՝ ձեռք բերելով մեծ ճանաչում:

Երվանդ Երզնկյանը ֆիլմը նայելուց հետո ընկավ հիշողությունների գիրկը. «Բիթլզների ծաղկուն ժամանակն էր եւ այդ երաժշտության ժամանակները շատ հետաքրքիր էր մեզ համար: Մենք առաջին խումբն էինք, որ ստեղծեցինք մեր վերաբերմունքն այդ երաժշտությանը՝ կատարելով «Բիթլզների» երգերը եւ շատ նման: Միանգամից հասկացանք, որ դա մեզ համար ճանապարհ չի, պետք է մենք ստեղծենք մերը եւ Կոմիտասի ֆոլկլորային մշակումներ սկսեցինք անել»:

Երզնկյանը հիշեց, որ համերգների ժամանակ իրենք չէին ժպտում. «Դե, ժամանակներն էին այդպես: Մեր Հակոբն էր միայն անկաշկանդ, մենք ձգված էինք, չունեինք պատրաստվածություն: Նկարահանման ժամանակ մեր ռեժիսորը՝ Մոկացյան Տոլիկը ասաց Զավենին՝ ժպտա, ժպտա, չէր ժպտում: Ստիպված հետեւը Զավեն էր գրել, նկարահանման ժամանակ հետեւը ցույց տվեց ու Զավենը վերջապես ժպտաց»:

Զավեն Սարգսյանը հիշեց, որ այն ժամանակ Սովետում դերասանները պետք է ժպտային, այդպես էր դրվածքը: Նա նշեց, որ ընդամենը մեկ անգամ են ֆիլմը տեսել Արվեստի աշխատողների տանը, որը հիմա չկա. «Տոլիկն ասեց, որ ֆիլմի կեսը կորել է, թե մասերը գողացել են: Ջաղինյան Ռուբենը, որը գտավ այս ամեն ինչը արխիվից, ասել է՝ ես զարմանում եմ, որ այն ժամանակ արդեն զուռնա դուդուկը կար: Մենք շատ խնամքով ենք վերաբերվել: Կաքավիկը փայլուն արած երգ է, օրինակ, ճիշտ է, «Բիթլզների» ազդեցությունը կա, բայց խնամքով ենք արել: Ափսոս, անկում ապրեց ՀՀ-ում այդ արվեստը»:

Երզկյանն էլ հիշեց, թե ինչ դժվարություններ են ունեցել, գործիքներ չեն եղել, ծանոթներից մեկը՝ մի ադրբեջանցի, ասել է՝ մի հատ գործիք ենք ստացել, չգիտենք ինչ է, 4 լարանի կիթառ է: Բաս են առաջին անգամ ստացել: Հայկական «Բիթլզի» տղաները՝ Զավեն Սարգսյանն ու Երվանդ Երզկյանը պատմեցին, թե ինչպես են իրենց վերաբերվել, ասել են՝ «աղավաղում են երգերը, մազերը երկար է, չգիտեմ ինչ են հագել»: Երվանդ Երզնկյանի խոսքերով՝ «Պատկերացնում եք գետաձիի երգը, որտեղ նրանք գոռում են՝ աաաա՜, սովետի ժամանակ կթողնեի՞ն այդպիսի երգ հնչեր եթերում, չէին թողնի: Դրա համար այդ ֆիլմը ստեղծվեց ու կորավ: Մեր խումբը 5 տարի գործեց՝ 65-70-ին, ոնց որ «Բիթլզները»:

Հարցին, թե ինչու է խմբի անունը եղել «Երազողներ»՝ Զավեն Սարգսյանը պատասխանեց, որ դա մոդա էր, անուններն այդպիսին էին: Զավեն Սարգսյանը հիշեց, որ Ներքին գործերի նախարարության ակումբում են պարապել, բայց մրցակիցներ են ունեցել. «Դրանց շեֆը, որը պաշտոնյա մարդ էր, հայտնի էր, նախարարին ասել էր՝ գիտես, քո մոտ ինչ-որ երաժիշտներ կան, ֆաշիստական երգեր են երգում, դե դրանից հետո տեսնեիք նախարարը ինչ արեց մեզ, եկել էինք փորձի, եկավ ասեց՝ էլ ստեղ համերգներ, փորձեր չեք անում, գնացեք: Շատ դժվար էր, դիմադրությունը շատ էր»:

Զավեն Սարգսյանը հյուրախաղերից պատմեց, եթե ինչպես են Թբիլիսիում ջինսերով գնացել համերգի. «Իրենց համար շոկ էր, վերջում մեզ ասեցին՝ հայկական խմբին չենք տալիս մրցանակ, որովհետեւ իրենց շորերը լավը չէր: Ռոբերտ Ամիրխանյանն էլ ասաց՝ այս շորերը, այս ջինսերը հայկական տարազային հագուստ է, բայց դե հասկացան, որ կատակ ենք անում»: Երվանդ Երզնկյանը պատմեց, որ ուր էլ գնում էին՝ Մոսկվա, թե մեկ այլ տեղ, իրենց բոլորը նայում էին՝ ինչպես «Բիթլզի», նրանք էլ, կարելի է ասել, այստեղ են հեղափոխություն կատարել՝ իրենց երգերով, հագուստով, ոճով:

Հարցին՝ այն ժամանակ դուք երազողներ էիք, իսկ հիմա՝ 50 տարի անց դուք արդյո՞ք երազողներ եք՝ Երվանդ Երզնկյանը պատասխանեց. «Մենք երազողներ ենք, բայց մեր երազանքների մեջ ֆիասկո չենք ապրել: Մենք մեր երազների հետեւից գնում ենք ու էլի պիտի գնանք»:

Զավեն Սարգսյանն էլ հավելեց. «Ինչ երազել եմ՝ հասել եմ կյանքում, երազում էի Արեւմտյան Հայաստան գնալ, 18 անգամ գնացել եմ, նկարել եմ: Երազելը ճիշտ է, պետք է ձգտես ինչ-որ բանի: Փարաջանովն ասում էր պետք է բողոքներից, դժվարություններից վեր լինել: Դա ճիշտ բան է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31