Կառավարության վաղվա նիստում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վարչապետ Կարեն Կարապետյանին կառաջարկի սարքավորումները ներմուծելիս «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարանին արտոնություն տալ: Այս մասին պարոն Կարայանը նախագիծ է ներկայացրել կառավարության նիստի օրակարգում: Ընկերությանը արտոնություն տալու իր առաջարկը Սուրեն Կարայանը բացատրում է կառավարության` 2016 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամաբ, այն է` «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար»:
Նշենք, որ «Արմենիա Վայն»-ը գինեգործական ընկերություն է, զբաղվում է նաեւ կոնյակագործությամբ եւ օղու արտադրությամբ:
Նախագծից տեղեկանում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն այս առնչությամբ, առարկություններ չունի:
Ընկերությունը պատրաստվում է իրեն տրված արտոնությունից օգտվելով ներմուծել կոնյակի եւ գինու շշերի խցաններ, ինքնակպչուն տպագրված թղթյա պիտակներ, ոչ օրգանական թթուներ, խմորիչներ, լաբորատոր ախտորոշիչ նյութեր, հեղուկ սոդա, չժանգոտվող փականներ, սինթետիկ մանրաթելեր եւ այլն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ