Ֆիրդուսի տոնավաճառի ապամոնտաժումը քաղաքապետարանի աշխատակիցներն ավարտին հասցրեցին: Ծանր տեխնիկան դուրս բերվեց տոնավաճառից:
Առեւտրականները լրագրողների հետ զրույցում վրդովված ասում էին՝ «200 մարդ մնաց անգործ, մտածե՞լ են այս մասին: Աշխատում էինք՝ վարկ փակում, պետությանն էլ հարկ տալիս: Հիմա անգործ ենք, ոնց ենք ընտանիք պահելու, զինվորական ունենք, ուսանող ունենք, փոքր էրեխեք ունենք, էնքան պրոբլեմներ ունենք, ի՞նչ ենք անելու: Հո թշնամի չե՞ն, խիղճ չունե՞ն: Ի՞նչ անենք, թողնենք՝ գնանք Ռուսաստանում աշխատենք: Լրիվ հիասթափեցրին մեր պետությունից»:
Որոշ առեւտրականների պատմելով՝ իրենք ժամանակ էին խնդրել իշխանությունից, որպեսզի թույլ տային մի քանի ամիս էլ աշխատել, այդ ընթացքում էլ գոնե այլ տոնավաճառներում հարմար գներով տարածք կգտնեին, իսկ հիմա միտք էլ չունեն այլ տեղերում առեւտուրը շարունակելու:
Ուշագրավ է, որ առեւտրականներից ոմանք վրդովված ասում էին, որ իրենց ձայնը տվել են ՀՀԿ-ին եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին, նրանք հույս ունեին, որ իշխանությունը կընդառաջի իրենց եւ կկասեցնի ապամոնտաժման գործընթացը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը բանակցում էր Ֆիրդուսիի առեւտրականների հետ, նրանց հորդորում այլ տոնավաճառներում շարունակել առեւտուրը: Սակայն առեւտրականները հրաժարվում էին, պնդելով՝ այլ տոնավաճառներում տաղավարի գները բարձր են, իրենց դա ձեռնտու չէ:
Առեւտրականներից մեկն էլ ապամոնտաժումից առաջ ասաց, որ ինքն իր ամբողջ ընտանիքով այս տարի ընտրել է ՀՀԿ-ին եւ Տարոն Մարգարյանին, նա նաեւ ասաց, որ վստահում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ վստահ է, որ քաղաքապետը հօգուտ առեւտրականների որոշում կկայացնի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ