Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առիթով:
«Արցախյան հերոսական ազատամարտի տարիներից սկսյալ` ռազմաքաղաքական պատասխանատու պաշտոններում Դուք կարևոր ներդրում բերեցիք Լեռնային Ղարաբաղի պաշտպանության և անկախ պետականության ամրապնդման գործում: Անցող տասը տարիների ընթացքին, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ, Դուք Ձեր ջանքերն առատացրեցիք՝ ի նպաստ արցախահայության քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքի առաջընթացի ու զորացման:
Ուրախ ենք, որ Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխություններից հետո Արցախի մեր ժողովուրդն ի դեմս երկրի Ազգային ժողովի, պետությունը ղեկավարելու պատասխանատու առաքելությունը առաջիկա տարիներին դարձյալ վստահեց Ձեզ՝ բարձր գնահատելով Ձեր հայրենասիրությունը, հմտություններն ու կարողությունները և հարուստ փորձառությունը:
Մեծարգո նախագահ, Միածնաէջ Սուրբ խորանի առաջ Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որպեսզի Տերը բարեզարդի Ձեր առաքելությունը և շնորհի նշանակալի նոր ձեռքբերումներ` հանուն Արցախ աշխարհի խաղաղության և բարեսեր մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի», – ասված է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձում:
Նորին Սրբությունը նաև հայցել է Ամենազօր Աստծո օրհնությունը և հովանին Արցախի ազատասեր ժողովրդին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ