Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը խստացնում է ապօրինի անտառահատումների դեմ պայքարը. խորհրդակցություն ՀՀ գլխավոր դատախազությունում

Հուլիս 19,2017 16:51

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ապօրինի անտառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի հիմնահարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և անտառային ֆոնդեր ունեցող մարզերի դատախազների մասնակցությամբ:

Մանրամասն քննարկման առարկա են դարձվել ապօրինի անտառահատումների կանխարգելմանը, արձանագրված հանցագործությունների բացահայտմանը, համապատասխան քրեական գործերով իրականացվող օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությանը, պետությանը հասցված վնասի ամբողջական վերականգնմանը, ապօրինի անտառահատումների կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց բացահայտումն ապահովելուն և նրանց օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտող այն հանգամանքները, որոնց իրավապահ համակարգը բախվում է քրեադատավարական պրակտիկայում: Ուշադրություն է դարձվել անտառաշերտերի պահպանության և ծառահատումների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում առկա բացերին, դրանց լուծմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերին:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պետք է էապես ակտիվացնել այս ոլորտում դատախազական հսկողությունը, և հետևողական պայքար է ծավալվելու այս բնույթի հանցագործությունների ինչպես կանխարգելման, այնպես էլ բացահայտման և հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Գլխավոր դատախազը շեշտել է, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է այդ գործերով նախաքննության պլանավորմանը, ապօրինի անտառահատման հանցակազմ պարունակող բոլոր դեպքերում ներգրավված, շատ հաճախ միտումնավոր թաքցվող հանցակիցների ամբողջական շրջանակի բացահայտմանը, անտառահատումների փաստերին առնչություն ունեցող իրավասու բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու վրա:

Ելնելով արծարծված հիմնահարցերի վերլուծությունից, ներկայացված առաջարկություններից՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է ապօրինի անտառահատումների դեմ իրավապահ մարմինների կողմից շոշափելի արդյունքներ ապահովելու խոչընդոտները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելուն միտված կոնկրետ հանձնարարություններ:

Մասնավորապես, հանձնարարվել է այս հանցատեսակի փաստով հարուցված յուրաքանչյուր քրեական գործի հարուցման և անտառի պահպանության համար պատասխանատու անձանց մեղավորության հիմնավորման պարագայում ստուգումներ իրականացնել վերջիններիս սպասարկման ամբողջ տարածքում, մեղադրանքի առաջադրմանը զուգահեռ նախաձեռնություն ցուցաբերել պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով քաղաքացիական հայցերի, վարչական տուգանքների ապահովման ուղղությամբ: Որոշվեց նաև դիմել՝

• ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարներին՝ առավել հստակեցնելու, որոշ դեպքում նաև վերանայելու այն իրավակարգավորումները, որոնցում առկա անորոշությունները, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումները մինչ այժմ քիչ արդյունավետ են դարձրել ապօրինի անտառահատումների, փայտանյութի տեղափոխման կանխարգելումը, այդ փաստերով հարուցված քրեական գործերի օբյեկտիվ, լիարժեք և ամբողջական քննության իրականացումը, պետությանը հասցված վնասի իրական ծավալների բացահայտումն ու հատուցման լիարժեքության ապահովումը,

• ՀՀ Ոստիկանության պետին՝ ապահովելու անտառային և ոչ անտառային գոտիներում ապօրինի ծառահատումների և փայտանյութի տեղափոխման դեպքերի բացահայտման նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացումը,

• ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ակտիվացնելու օրենքով նախատեսված վարչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները փայտավերամշակման ոլորտի տնտեսվարող սուբյեկտների շրջանում՝ փայտահումքի ձեռքբերման, դրա հետ կապված ֆինանսական հոսքերի օրինականության կտրվածքով, և, առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող իրավախախտումների հայտնաբերման դեպքում, նյութերը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը:

Արթուր Դավթյանը հանձնարարել է նաև մշտադիտարկման ենթարկել ապօրինի ծառահատումների մասին ահազանգ պարունակող ԶԼՄ բոլոր հրապարակումները և անհրաժեշտության դեպքում ուսումնասիրության առարկա դարձնել դրանցում ներկայացված բոլոր հանգամանքները կամ փաստերը:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31