ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են նախապատրաստում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Մոսկվա-Վիեննա տեսակամուրջի ընթացքում:
«Համանախագահները հետագայում էլ կակտիվացնեն ջանքերը, նրանք պատրաստվում են Նյու Յորքում երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Բարձր մակարդակով հանդիպում նախապատրաստելու համար միջոցներ կձեռնարկվեն կողմերի հետ աշխատանքների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»,- ասել է Լուկաշևիչը:
Խոսելով ԵԱՀԿ լիազորությունների ընդլայնման մասին՝ Լուկաշևիչն ասել է, որ անհրաժեշտություն կա ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, ավելացնել զորքերի շփման գծում մոնիթորինգ անցկացնելու նրա հնարավորությունները:
«Ցավոք, այժմ հնարավոր չի լինում հասնել նման որոշումների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կողմերի հակասող դիրքորոշումների, փոխզիջման բացակայության պատճառով»,- ասել է նա:
Լուկաշևիչի խոսքով՝ առաջիկայում հազիվ թե հնարավորություն լինի անել ավելին, քան անում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:
«Վերջերս Բրյուսելում հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Որոշ ակնարկներ կան, որ կարող են հանդիպել երկու երկրների նախագահները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն աշխատում են հակամարտության կողմերի հետ, ինչը լուրջ զսպիչ գործոն է և թույլ չի տալիս սրել իրավիճակը: Բայց համանախագահները հրաշագործներ չեն, և նրանք չեն կարող տարածաշրջանում հաստատել անվտանգության այն անհրաժեշտ մակարդակը, որի պարագայում կողմերը չեն անցնի ուժային գործողությունների»,- ասել է Լուկաշևիչը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ