«Էսի ֆաշիստություն ա, ժողովուրդը լացուկոծը դրել ա, դուք դրել քանդում եք»,-Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներից մեկն այսպես արձագանքեց տոնավաճառը ապամոնտաժելու գործընթացի կազմակերպիչներին:
«Հանրապետական ընտրե՛ք, ընտրե՛ք, ընտրինք, է՞ս ա, ջան- ջան արիք ու բերիք կզցըրիք, արա: Ի՞նչ իրավունք ունեք իմ դռան դեմը քանդեք»,-ասաց բնակիչներից մեկը:
Նշենք, որ այս պահին Ֆիրդուսի տոնավաճառում ապամոնտաժման աշխատանքներ են ընթանում, ծանր տեխնիկա է աշխատում: Մարդիկ բավականին վրդովված են, ոմանք ասում են՝ «37 թիվն ա», ոմանք էլ պնդում են, որ իրենց տարածքից չեն հեռանալու:
Ապամոնտաժման աշխատանքների ընթացքում վնասվել է տարածքի առեւտրականներից մեկի ոտքը:
Առեւտրականները հավաքում են իրենց ապրանքներն ու փակում տաղավարները: Այսօր վաղ առավոտյան, երբ քաղաքապետարանի աշխատակիցները փորձել էին սկսել ապամոնտաժման գործընթացը, բնակիչներն ընդդիմացել էին, եւ բարձրացված աղմուկի հետեւանքով քանդման աշխատանքները կասեցվեցին: Առեւտրականների մի խումբ ՀՀ նախագահի նստավայր էր գնացել, որտեղ նրանց հանգստացրել էին, խոստանալով 2 ժամից պատասխանել: Ժամեր առաջ քաղաքապետարանի աշխատակիցները նույնպես վստահեցրել էին, որ սպասում են որոշմանը, ըստ այդմ էլ կամ կշարունակեն ապամոնտաժել, կամ՝ ոչ: Եվ փաստորեն որոշում կայացվեց շարունակել ապամոնտաժումը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը բանակցում էր Ֆիրդուսիի առեւտրականների հետ, նրանց հորդորում այլ տոնավաճառներում շարունակել առեւտուրը: Սակայն առեւտրականները հրաժարվում էին, պնդելով՝ այլ տոնավաճառներում տաղավարի գները բարձր են, իրենց դա ձեռնտու չէ:
Առեւտրականներից մեկն էլ ապամոնտաժումից առաջ ասաց, որ ինքն իր ամբողջ ընտանիքով այս տարի ընտրել է ՀՀԿ-ին եւ Տարոն Մարգարյանին, նա նաեւ ասաց, որ վստահում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ վստահ է, որ քաղաքապետը հօգուտ առեւտրականների որոշում կկայացնի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ