Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Գևորգյանին ՔԿՀ-ում բռնության ենթարկելու մասին հաղորդմանը ՀՔԾ-ն արձագանքել է 6 ամիս անց, երբ կալանավորն արդեն մահացել էր

Հուլիս 19,2017 16:10

ՀՀ Հատուկ Քննչական ծառայությունը վեց ամիս անց արձագանքել է Նուբարաշեն ՔԿՀ-ի նախկին կալանավոր Հրաչյա Գևորգյանին ՔԿՀ աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդմանը, երբ կալանավորն արդեն մահացել էր: Կազմակերպությունը ՀՀ Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դեռևս 2016 թ. դեկտեմբերի 14-ին՝ հիմնվելով www.newsline.am կայքում արված հրապարակման վրա: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդումը նախ ուղարկել էր ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչություն, որն էլ օրինաչափ էր համարել ՔԿՀ աշխատակիցների կողմից ֆիզիկական ուժ գործադրելը, պնդել, որ դա արգելված իրն առգրավելու նպատակ է ունեցել:

Եվ այդ հիմքով էլ, ըստ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռ. Հովհաննիսյանի, դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործը ՀՀ ՀՔԾ վարույթ հանձնելու հարցով 2016 թ. դեկտեմբերի 26-ին դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազություն, որից հետո միայն ՀՀ ՀՔԾ-ում քննվել է այն: Չնայած նրան, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը չէր ժխտել ֆիզիկական ուժ գործադրելու հանգամանքը, ՀՀ ՀՔԾ 2017 թ. հունիսի 6-ի պատասխանում նշում է, որ բռնություն գործադրելու մասին ապացույցներ ձեռք չեն բերվել, «ավելին՝ կատարված նախաքննությամբ հերքվել է Հրաչյա Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրված լինելու հանգամանքը»: Ընդ որում՝ ՀՀ Հատուկ Քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ժամկոչյանը հղում է կատարում նաև ՀՀ Ոստիկանության Էրեբունու բաժնի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմանը և պնդում, որ այդ պարագայում քրեական հետապնդում չի կարող իրականացվել:

«Անձի նկատմամբ նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի չվերացված որոշման առկայությունը հանդիսանում է քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք», – ասված է ավագ քննիչ Ա. Ժամկոչյանի պատասխանում: Արձանագրենք, որ ՀՀ ՀՔԾ-ի կողմից գործը Քրեակատարողական վարչության վարույթ հանձնելը, ապա որոշում կայացնելիս նրա եզրահանգումների վրա հիմնվելը չէր կարող արդյունավետ քննության հանգեցնել: Պետությունը պոզիտիվ պարտավորություն ունի արդյունավետ, գործուն քննություն իրականացնելու խոշտանգումների վերաբերյալ յուրաքանչյուր հայտարարության ուղղությամբ, ինչն այս դեպքում տեղի չի ունեցել: Նման դեպքերի առնչությամբ 2010 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանը՝ քննելով Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից բռնություն գործադրելու վերաբերյալ Մաշտոցի քննչական բաժնի քննիչի որոշման օրինականության հարցը. «քննիչը քննել է մի գործ, որը վերաբերել է իր գործընկերներին, հետևաբար, նա ի սկզբանե եղել է գործով շահագրգռված անձ և հնարավորություն չի ունեցել իրականացնելու օբյեկտիվ քննություն»: Վճռաբեկ դատարանը վերահաստատել է. «Նախաքննության մարմնի դեմ ներկայացված բողոքները պետք է քննվեն անկախ մարմնի կողմից, որը չպետք է կապված լինի նախաքննության մարմնի հետ և պետք է առանձնացված լինի վերջինից»: Հրաչյա Գևորգյանի պաշտպան Նինա Կարապետյանցը մեզ հետ զրույցում նշեց, որ 2016-ի սեպտեմբերին ՔԿՀ-ում Հրաչյա Գևորգյանի քիթը կոտրելու փաստով հարուցված քրեական գործում ևս արդեն 2 ամիս որևէ տեղաշարժ չկա: Քննիչներն առաջարկել են նույնիսկ Հր. Գևորգյանի մահվանից հետո փակել քրեական գործը: Եվս երկու գործ՝ Հր. Գևորգյանի մահվան փաստով և երկու տարի առաջ Դատապարտյալների հիվանդանոցում իրեն թունավորելու մասին՝ Հր. Գևորգյանի հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործերը դեռևս ընթացքի մեջ են և գտնվում են ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում: Ն. Կարապետյանցի փոխանցմամբ՝ ՔԿՀ աշխատակիցների մասնակցությամբ քրեական գործերը կոծկելու միտում սկզբնական շրջանում կար, բայց այժմ նման միտում փաստաբանը չի տեսնում, իսկ նմանօրինակ ձգձգումները, նրա կարծիքով, կրքերը հանդարտեցնելու նպատակ են հետապնդում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31