Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի Հանրապետությունում Ազգային ժողովը Բակո Սահակյանին ընտրեց նախագահ: Առաջադրված մյուս թեկնածու Էդուարդ Աղաբեկյանի օգտին քվեարկել էր 32 պատգամավորից միայն չորսը:
Նա քվեարկությունից հետո ասաց, որ իրենց խնդիրն էր երկու խմբակցությունների անունից բարձրաձայնել թերությունները, փորձել հետամուտ լինել անվտանգության, բանակցային գործընթացի, տնտեսական, կրթական հարցերի իրականացմանը:
Էդուարդ Աղաբեկյանը հավելեց, որ չի հավատում, որ երեք տարի անց՝ 2020 թվականին Բակո Սահակյանը եւս մեկ անգամ կառաջադրվի: Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում Էդուարդ Աղաբեկյանը անդրադարձել էր Արցախում անփոխարինելիության խնդրին, նշելով, որ Արցախի ձեռքբերումները կապված են հակառակի հետ, ըստ նրա՝ պետությունը մի համակարգ է, որը չպետք է կախված լինի մեկ անհատից, հետաքրքրվեցինք, ինչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում. «Ոչ մի դրական հետեւանք չի կարող առաջանալ, առնվազն մենք մեր նույն թշնամիների մակարդակին կիջնենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ