«Մեր պաշտոնյաները դրսում դառնում են կուռկուռի ձագ»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց Երեւանի ավագանու «ԵԼՔ» դաշինքի անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանություններին Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի արած առաջարկին, այն է՝ ՀՀ-ում ռուսերեն լեզվին պետական լեզվի կարգավիճակ տալ:
Անահիտ Բախշյանին հայկական կողմի արձագանքը չի բավարարում. «Ի՞նչ է նշանակում մեր իշխանավորների ասածը, թե իրենց օրակարգում նման հարց չկա։ Այսինքն, մի օր էլ կլինի…»:
Անահիտ Բախշյանի համոզմամբ՝ եթե ՀՀ-ում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տան, քաղաքացիական հասարակությունը ոտքի կկանգնի:
Գրականագետ Դավիթ Գասպարյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ լեզուն սակարկման առարկա չէ. «Մի լեզու է մնացել, դա էլ խլեք։ Ոնց որ ասեն` կնոջդ մեկ օրով տուր ինձ»,-դժգոհեց նա:
Դավիթ Գասպարյանը նաեւ առաջարկ արեց. «Ռուսաստանում ապրում է 5 մլն հայ: Թող նրանց համար հայոց լեզուն Ռուսաստանում պետական լեզու դարձնեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Ա1+»-ի