Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե ԿԳՆ-ն մեկ թանկարժեք մեքենա չգնի

Հուլիս 19,2017 14:58

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը որեւէ խնդիր չի տեսնում, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ ԵԱՏՄ տարածքում միասնական լեզու օրենսդրորեն ամրագրված չէ: «ԵԱՏՄ-ի կանոնադրությամբ էլ է` բոլոր ինքնիշխան պետությունների լեզուները պետական են»,- «Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց նա`հակադարձելով դիտարկմանը, որ ԵԱՏՄ-ում մեկ պաշտոնական լեզվի գոյությունը դյուրին է դարձնում շփումը:

Նա միանգամայն հնարավոր է համարում պետությունների լեզուները պաշտպանել, հակազդել դրանք չեզոքացնելու քաղաքականությանը, եթե պետությունն իրեն պատշաճ դրսեւորի: Օրինակ, Հայաստանում խրախուսենք հայերենը, պետական մակարդակով պախարակենք լատինատառի, կիրիլիցայի կիրառումը: «Հիմա մեծանում է մի սերունդ, որը գերազանց հայերեն է խոսում, սա չի կարող իր արդյունքը չտալ, բայց սա բավարար չէ: Օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեջ ունենք հայերենով շատ քիչ բովանդակություն: 21-րդ դարում էլեկտրոնային բովանդակությանը պետք է լուրջ ուշադրություն դարձնել»,- ասաց նա:

«Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» շարժման անդամ Արմեն Հովհաննիսյանն էլ է նկատել`ինֆորմացիոն տեխնոլոգիաներում «հայկականացման տեմպն» ընկել է եւ դա վտանգավոր միտում է համարում: Ասում է`թե պետությունը, թե հանրությունը պետք է զգոն լինեն: Նաեւ նկատում է`մենք դեռ առաջին քայլը լիարժեք չենք անում`չենք բացարձակացնում հայերենի կիրառումը Հայաստանում, ուր մնաց Ֆրանսիայի օրինակով հետամուտ լինենք հայերենի տարածմանը, որպես օտար լեզու: «Մեկ թանկարժեք մեքենայի արժեքը, որ ԿԳՆ-ն է գնում, բավարար է, որպեսզի աշխարհի այս տարվա լավագույն դասագրքի, որեւէ ոլորտում, հեղինակային թարգմանություն անելու համար: Խոսքը 30-40 հազար դոլարի մասին է»,- ասաց նա:

Բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանն էլ հավելում է` հայագիտությունը ողբալի վիճակում է, նախ արդիականացված չէ, մնացել է շատ փոքրիկ շրջանակում: Միաժամանակ նկատում է, որ մեզ ծայրահեղականացնում են, փորձում են օտար լեզուների թշնամի ներկայացնել մարդիկ, ովքեր անգամ վարորդական իրավունքի մակարդակի օտար լեզու չգիտեն:

Արմեն Հովհաննիսյանի կարծիքով էլ Հայաստանում կաղում է ոչ միայն հայերենի ուսուցանման մեթոդոլոգիան, այլ նաեւ օտար լեզուների. հանրակրթության մակարդակով օտար լեզու են անցնում դպրոցում, ավարտելուց հետո այդ լեզվով տարրական շփում չեն կարողանում ունենալ մարդիկ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31