Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք վիրավորել են լրագրողներին (Տեսանյութ)

Հուլիս 19,2017 14:36

2017-ի երկրորդ եռամսյակը բավականին լարված է անցել ԶԼՄ-ների եւ լրագրողների համար: Լրագրողները աշխատել են ծայրահեղ ծանր պայմաններում: Սա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատականն է:

Այսօր «Հենարան» ակումբում պարոն Մելիքյանը, ներկայացնելով այս տարվա երկրորդ եռամսյակային զեկույցը, ասաց, որ լրագրողների նկատմամբ ճնշումների եւ բռնությունների թիվն աննախադեպ աճել է: Այս տարվա 6 ամիսների ընթացքում միայն լրագրողների նկատմամբ եղել է ֆիզիկական բռնության 8 դեպք, վերջին երեք ամսում՝ 5 դեպք: ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ 89 դեպք է գրանցվել այս 6 ամիսներին, իսկ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքը խախտվել է 15 անգամ:

Եթե նախորդ տարվա հետ համեմատենք, այս թվերը բավականին մտահոգիչ են, 2016-ին ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 30 դեպք էր եղել, այս տարի՝ 59 դեպքով ավելի:

Պարոն Մելիքյանը նշեց, որ ընդդեմ լրագրողների եւ ԶԼՄ-ների դատական հայցերի աննախադեպ ալիք է սկսվել: Զրպարտությունն ու վիրավորանքը 2010-ին ապաքրեականացվեց եւ այդ ժամանակից ի վեր ամենաշատ հայցերը եղել են 2010-2011 -ին, դրանք 34 -ն էին, բայց այս տարի առաջին կիսամյակում միայն 48 հայց է ներկայացվել, որից 30-ը դպրոցների տնօրենների հայցերն են՝ ընդդեմ sut.am-ի, ավելի կոնկրետ՝ Դանիել Իոաննիսյանի: Պարոն Մելիքյանն ասաց, որ մի դիրիժորական փայտիկով 30 տնօրենները հայց ներկայացրեցին եւ նույն փայտիկի շարժումով իրենց հայցերը օրեր առաջ հետ վերցրեցին: Այդ 30 անունները, ըստ Աշոտ Մելիքյանի, դեռ երկար ժամանակ կմնան ընտրողների հիշողության մեջ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը նշեց, որ վերջին ընտրությունների ժամանակ լրագրողների շնորհիվ նաեւ ընտրակաշառքի դեպքեր բացահայտվեցին, դրանով են նաեւ պայմանավորված ճնշումները ԶԼՄ-ների նկատմամբ: Հաճախ լրագրողներին ընտրատեղամասում ի ցույց էին դնում, ասում էին՝ հանգիստ գործընթաց է գնում, իսկ դուք «պրովոկացիաներ» եք անում, իսկ այս ընտրություններին լրագրողները ապացուցեցին, որ առողջ դեր են կատարում ընտրությունների ժամանակ:

Աշոտ Մելիքյանն անդրադարձավ նաեւ այն պաշտոնյաներին, որոնք արհամարհանք են դրսեւորել լրագրողների հանդեպ: Զեկույցում նշվում է, որ 2017- երկրորդ եռամսյակն աչքի է ընկել նորաստեղծ խորհրդարանի պատգամավորների եւ այլ հայտնի անձանց անհիմն ու անարդարացի մեղադրանքներով լրագրողների եւ լրատվամիջոցների հասցեին, շարունակվել է նրանց հետ վիրավորական արտահայտություններով խոսելու, արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու, դասեր տալու միտումը:

Աշոտ Մելիքյանը հիշատակեց ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանի անունը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանի անունները, որոնք վիրավորական վերաբերմունք են ցուցաբերել իրենց սուր հարցեր ուղղած լրագրողների հանդեպ. «Աչքի ընկավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ Երեւանի տարբեր հատվածներից գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչները բողոքում էին, նախագահը նկատեց լրագրողներին, հարցրեց՝ դո՞ւք եք կանչել, ասացին՝ ոչ, ասում է՝ բա ինչի՞ են խանգարում: Փաստորեն միայն իրենց ներկայությամբ լրագրողները խանգարում են եւ սա ասում է երկրի առաջին դեմքը: Այս պարագայում նրա կուսակիցները եւ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ազատ, նույնիսկ կասեի սանձարձակ կարող են պահել լրագրողների հետ շփվելիս: Դա շատ վատ օրինակ էր՝ քաղաքական գործիչ-լրագրողներ հարաբերությունների համար»:

Անդրադառնալով «Էլեկտրիկ Երեւանի» եւ Սարի թաղի գործերին, Աշոտ Մելիքյանն ասաց, որ առաջինի դեպքում առաջընթաց չկա, Սարի թաղի գործով ընդամենը մեկ նոր մեղադրյալ է ներգրավվել, այդ երկու գործերն էլ ցածր արդյունավետությամբ են ընթանում եւ դանդաղ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31