Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահի խոստումը չի կատարվել». Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը լրագրողներին ասել էր՝ ներեք, չի կրկնվի (Տեսանյութ)

Հուլիս 19,2017 14:12

Այսօր «Հենարան» ակումբում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց 2017-ի երկրորդ եռամսյակային զեկույցը եւ բավականին մտահոգիչ տվյալներ ներկայացրեց: Ըստ զեկույցի, լրագրողների նկատմամբ ճնշումներն ու բռնություններն աննախադեպ աճել են:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված բռնությունների աճը, արդյոք չե՞ն պատժվում, դրանից է, իշխանությունները միշտ ոգեւորված նշում են, որ առաջատար դիրքեր ունենք խոսքի ազատության առումով, հիմա սա հետընթա՞ց է: Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Հանրաքվեի, այլ ընտրական գործընթացների հետ եթե համեմատենք, ճնշումների այս քանակն աննախադեպ է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած երեք անգամ աճ է գրանցվել: Սա անպատժելիության հետեւանք է եւ այն մթնոլորտի, որը ձեւավորվել է: Սա իշխանությունների մեղքն է: Իրենք միջազգային հարթակներում, երկրի ներսում նաեւ միշտ պնդում են, որ մեզանում կատարյալ խոսքի ազատություն է, ԶԼՄ-ները ազատ պայմաններում են գործում, մինչդեռ, երբ իրավիճակը վերլուծում ենք, տեսնում ենք, որ ճիշտ հակառակն է»:

Ըստ պարոն Մելիքյանի, իշխանությունները Նազարի դրոշակ են սարքում եւ միշտ օրինակներ են բերում այն կայքերից, որոնք էթիկա են խախտում, դա օգտագործում են որպես փաստարկ՝ որակյալ ԶԼՄ-ների դեմ: Իսկ դա շատ վատ է, պետք է տարբերակել, որովհետեւ ճնշումները հիմնականում լինում են որակյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ՝ «Առավոտի», «Ազատություն» ռ/կ-ի. «Այն մարդիկ, որոնք ռիսկի դիմելով գնացել են ընտրակաշառք են արձանագրել, վարչական ռեսուրսի չարաշահում են արձանագրել, նրանց դեմ, որպես կանոն, թաղային հեղինակություն կոչեցյալները շատ ազատ են իրենց զգում: Նրանք հիմքեր ունեն, տեսնում են, որ իրենցից շատ ավելի բարձրաստիճան մարդիկ զզվանքով, արհամարհանքով, վիրավորանքով են շփվում լրագրողների հետ: Եթե նրանց կարելի է այդպես խոսել, ուրեմն իրենց կարելի է մի քանի ապտակ տալ, հայհոյել: Նույնիսկ եթե իրավապահները քրգործ են հարուցում, արդյունք չի տալիս, նույն քրեական հեղինակությունները մարդ են գտնում, կարճել են տալիս գործը: Ստացվում է, որ լրագրողին շատ հանգիստ կարելի է եւ հայհոյել, եւ ապտակել եւ ոչինչ չի լինի»:

Հարցին՝ Դուք ի՞նչ եք առաջարկում, սրա դեմն ինչպե՞ս պետք է առնել՝ Աշոտ Մելիքյանը պատասխանեց, որ առաջինը պետք է հաղթահարել անպատժելիության մթնոլորտը. «Քաղաքական իշխանությունները պետք է միջամտեն, եթե իրավապահ մարմինները իրենց բարձրության վրա չեն: Երկրորդ կարեւոր քայլը լրագրողական հանրության պայքարն է՝ իր իսկ իրավունքների համար: Շատ ժամանակ մեր գործընկերները ձեռնպահ են մնում կոնֆլիկտները մինչեւ վերջ տանելու եւ իրենց իրավունքները պաշտպանելու հարցում»:

Աշոտ Մելիքյանը մատնանշեց «Առավոտի» կոնկրետ դեպքը, երբ 7/46 տեղամասի հանձնաժողովի անդամը վիրավորում է, սպառնում է, տեսագրությունը կա եւ իրավապահները որեւէ հոդված չեն գտնում՝ պատժելու սանձարձակությունը: Պարոն Մելիքյանը հիշեցրեց, որ իրենք այդ դեպքի մասին հայտարարությամբ են հանդես եկել եւ այժմ կապի մեջ են դատախազության հետ, սպասում են իրենց արձագանքին, թե ինչ պատասխան կտան. «Եթե ոստիկանությունը սխալվել է եւ քրգործ չի հարուցել, դատախազությունը կարող է ուղղել այդ սխալը, հարուցի քրգործն ու համապատասխան քննչական մարմնին տա: Պետք է եւս մեկ անգամ նայել տեսանյութը եւ գործին համապատասխան ընթացք տալ»:

Հարցին՝ Սարի թաղի դեպքերից հետո նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին հորդորեց մոռանալ՝ ասելով, որ դրանք չեն կրկնվի, փաստորեն, նախագահի խոսքն իրականություն չի՞ դարձել՝ Աշոտ Մելիքյանը հաստատեց, որ իրենց տվյալները ցույց են տալիս, որ Սարի թաղի դեպքերից հետո լրագրողների նկատմամբ բռնությունները շարունակվել են. «Փաստորեն, նախագահի խոստումը չի կատարվել»:

Դիմելով իշխանություններին՝ պարոն Մելիքյանն ասաց. «Սթափվե՛ք, այլապես Հայաստանում ձեր պատկերացրած խոսքի ազատությունը չի լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31