Հայաստանը ներկայացնող թումոցիների թիմը գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի Վաշինգթոնում կայացած FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում, որոնց մասնակցում էին թիմեր աշխարհի 163 երկրներից։
Մրցույթի շրջանակներում արտակարգ արդյունքներ ցուցաբերելով՝ Թումոյի պատանիները հայտնվեցին առաջատարների թվում և մրցունակ պայքարում գրավեցին երրորդ տեղը՝ զիջելով Եվրոպայի հավաքական թիմին և Լեհաստանի թիմին։
Թիմի անդամներն են 14-ից 18 տարեկան թումոցիներ Լևոն Բալագյոզյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արամ Մադանցյանը, Լիլիթ և Աշոտ Թառումյանները և նրանց ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։
Հաղթանակած թիմը Երևան է ժամանելու հուլիսի 21-ին ժամը 13։45, և Թումոյի անձնակազմն ու ուսանողները մեկնելու են օդանավակայան՝ պատանիներին դիմավորելու։ Թումոյի թիմն ու ղեկավարությունը հորդորում են բոլորին միանալ իրենց օդանավակայանում և սատարել Հայաստանը պատվով ներկայացրած պատանիներին։
Մամուլի հաղորդագրություն