Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազն առաջարկել է` մեղքն ընդունեք, կալանքից ազատենք

Հուլիս 19,2017 12:53

«Դատախազը մեզ ընդունել է`չորս քաղաքացու եւ ասել է, որ իրենք իրենց մեղքը ընդունեն`կալանքը խափանման միջոցը չենք կիրառի»,- այսօր, «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Սարի թաղի բախումներից մեկ տարի անց. ի՞նչ փուլում են քրեական գործերը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Սարի թաղի» գործով արդեն մեկ տարի կալանքի տակ գտնվող Էդուարդ Զեյթունյանի կինը`Լալա Բեռնեցյանը: «Ոչ ոք էլ չի պատրաստվում ընդունի մի բան, ինչը չի արել, որպեսզի իշխանության դեմքը պարզ անի»,- նաեւ հայտարարեց տիկինը՝ հավելելով, որ իշխանությունն ամեն պայման ստեղծում է, որպեսզի ճնշում գործադրի կալանավորված անձանց վրա, որ մարդիկ վերցնեն մեղքը. «Նուբարաշեն ՔԿՀ-ում կեղտ, գարշահոտ, մի խցում 14 հոգի: Բայց իրենք բացառվում է, որ վերցնեն, քանի որ իրենք չեն ելել իշխանության ներկայացուցչի դեմ»:

Նույն գործով կալանավորված Հրաչ Բոյաջյանի կինը` Նարինե Ղազարյանն էլ հավելում է, երբ հուլիսի 29-ին ոստիկանները մտան սարիթաղցիների տներ, ծեծեցին, փշրեցին, մի երիտասարդի աչքն էլ վնասվեց, ոչ ոք չպատժվեց: Ավելին. «29-ի դեպքերից հետո պարգեւատրումներ եղան պատիժների փոխարեն: Նույն մարդը կրկնում է նույն հանցագործությունները եւ չի պատժվում»:

Լալա Բեռնեցյանը երեկ է տեսակցել ամուսնուն: Ասում է`ոչ տեսքն է դուրս գալիս, ոչ էլ հոգեբանական վիճակը: Էդուարդ Զեյթունյանը լուրջ առողջական խնդիրների ունի`սրտի եւ ողնաշարի հետ կապված: Կինն ասում է`դրանք գնալով խորանում են: «Քրեական գործի ընթացքից էլ դժգոհ եմ, կոնկրետ ապացույցներ չկան ու այդ անորոշ վիճակից մարդիկ հոգեբանական խնդիրների մեջ են ընկնում»,- հավելում է նա:

Նարինե Ղազարյանին նույնպես չի գոհացնում դատական ընթացքի դանդաղ վիճակը. «Այս վիճակն իրենց կործանման է տանում: Վկաները հստակ ոչինչ չեն ասում, չեն ճանաչում նրանց իբրեւ մեղադրյալ, բայց իրենք դեռ շարունակում են կալանավորված մնալ ու անորոշ ժամանակով: Ոստիկաններն ասում են, որ մարմնական վնասվածք են ստացել, ապա բուժօգնություն են ստացել ու անցել աշխատանքի: Սա չեղավ ծանր մարմնական վնասվածք ու որ մեր տղաները չեն բողոքել, չի նշանակում, որ իրենք ոստիկանների հարվածներից չեն տուժել»:

Տասը կալանավորվածների հարազատները մեկ տարի է նստացույցեր, տարբեր բողոքներ են անում: Ապարդյուն: Նրանցից մի քանիսը միայն ձմռան ամիսների բողոքների ընթացքում հասցրել են նոր հիվանդություններ ձեռք բերել: Բայց էլի են պայքարելու, որքան էլ պետությունն անտեսի իրենց ու իրենց բողոքները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31