Լրահոս
Օրվա լրահոսը

Լիպարիտ Սիմոնյան. Ինչո՞ւ պետությունը հետամուտ չի աչքը կորցրած երիտասարդի գործով

Հուլիս 19,2017 12:25

Հունիսի 25-ից մեկ ամսով կդադարեցվեն «Սարի թաղի» գործով դատավարությունները: Դատավորները արձակուրդ են մեկնում`իրացնելու օրենքով սահմանված իրենց հանգստի իրավունքը: Մինչդեռ, այդ գործով 10 մարդ արդեն մեկ տարի է՝ կալանքի տակ է: Նրանց անորոշ մեղադրանք է առաջադրվել`ՀՀ ՔՐ.ՕՐ-ի 316 հոդվածի երկրորդ մասով` իշխանության ներկայացուցչի առողջությանը եւ կյանքին սպառնացող վտանգ:

Հիշեցնենք, անցած տարի, ՊՊԾ գնդի գրավման օրերին, Սարի թաղի բնակիչները դուրս եկան բողոքի: Նրանք էլ ցանկանում էին իրացնել օրենքով սահմանված իրենց ապրելու իրավունքը`գազից, ջրից հոսանքից եւ տրանսպորտից օգտվելով: Մինչդեռ, գնդի գրավման օրերին, տարածքի մի հատվածի բնակիչները զրկված էին ապրելու տարրական պայմաններից: Արդյունքում, իրենց իրավունքի համար ըմբոստացող բնակիչների եւ ոստիկանների միջեւ բախում եղավ:

Այսօր «Մեդիա կենտրոնում», «Սարի թաղի բախումներից մեկ տարի անց. ի՞նչ փուլում են քրեական գործերը» թեմայով քննարկման ժամանակ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հիշեցրեց`Սարի թաղի բնակիչները դուրս էին եկել ոչ թե աջակցություն հայտնելու «Սասնա ծռերին»:

Գործը մեկ տարի է քննվում է, 10 կալանավորվածներից որեւէ մեկի դեպքում հասկանալի չէ, թե կոնկրետ ինչո՞ւմն է մարդը մեղադրվում: Բոլորին ընդհանուր բնույթի մեղադրանք է առաջադրված: Անգամ տեսանյութում, որը ներկայացվում է իբրեւ ապացույց՝ չի երեւում թե ովքե՞ր եւ ո՞ւմ են խփել: Մինչդեռ, առաջադրված մեղադրանքի համաձայն, այդ տասն անձանց ապառնում է 5-10 տարվա ազատազրկում:

Գործը կիսվել է չորս մասի: Լիպարիտ Սարգսյանը կարծում է, միտումնավոր է դա արվել, որպեսզի վկա-հարցաքննվողները իրենց ցուցմունքներում հնարավորություն ունենան հստակություններ, ճշտումներ, սրբագրումներ մտցնել: Թեեւ հարցաքննվողներից ոչ մեկը դեռ մեղադրյալներին չի ճանաչել, իբրեւ իր դեմ գործողություն կատարող անձ:

Պաշտպանը վստահ է`պետությանը ոչինչ չի խանգարում, որ նրանց նկատմամբ գոնե գրավ կիրառվի`խափանման միջոցը փոխելու համար, մանավանդ որ պետությունն ասում է թե ծախսեր է անում կալանավորների համար, իր բեռն էլ ծանր է. «Թող թեթեւացնի իր ծախսը: Բայց աբսուրդ է, բոլորի դեպքում գրված է, որ ազատության մեջ մնալով նրանք կխուսափեն քննությունից: Մինչդեռ, Էդվարդ Զեյթունյանցը, օրինակ, կամովին է գնացել ոստիկանություն»: Լիպարիտ Սարգսյանը հավելում է`բոլոր տասն անձինք  էլ մանկահասակ երեխաներ ունեն, աշխատանք ունեցող եւ ընտանիք պահող երիտասարդներ են: «Նուբարաշեն ՔԿՀ-ում անձանց քանակը շատ է, խցերը գերբեռնված են: Դա էլ է ազդում նրանց առողջական վիճակի վրա, մանավանդ, որ Նուբարաշենը խոնավ է: Բոլորն էլ ունեն ինչ-ինչ առողջական խնդիրներ, որոնք սրվել են: ՔԿՀ-ում չի ցուցաբերվում պատշաճ մոտեցում նրանց առողջական խնդիրներին, քաղաքացիները ստիպված օգտվում են իրենց բժիշկներին տանել-բերելու գործընթացի հետ»:

Պաշտպանը կարծում է, այս ամենն արվում է նրա համար, որպեսզի տղաներից գոնե մեկն ասի`ընդունում է իր մեղքը: Բայց այդ դեպքում, կստացվի, որ իշխանությունը ճիշտ է եւ մյուսներին էլ է դրանով ինքը կմեղադրի: «Դա խայծ է, որ գոնե մեկն ընդունի ու մյուսներին էլ դնի անհարմար վիճակի մեջ: Բայց իրենք մեղքը չեն ընդունի, չեն արել այն, ինչ նրանց մեղսագրվում է: Մի քանի օր հետո մտան սարիթաղցիների տները`ջարդեցին, փշրեցին, մի տղայի աչքը դուրս եկավ: Բայց այդ գործով պետությունը հետամուտ չի»,-հիշեցնում է պաշտպանը`հավելելով, որ հավանաբար դա էլ  բնակիչներին պատժելու երկրորդ փուլն էր`համ կմեղադրենք, համ կպատժենք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31