Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ, Ղրղըզստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը հայտարարել է, որ գոյություն ունի պայմանավորվածություն ազգային վարորդական իրավունքների հարցը կարգավորել առանձին պայմանագրով, «որպեսզի այն չհակասի Եվրասիական տնտեսական միության սկզբունքներին և աշխատանքի ընդհանուր շուկայի գաղափարին», գրում է «Կոմերսանտը»:
Հիշեցնենք, ավելի վաղ Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանն առաջարկել էր Հայաստանում պաշտոնական կարգավիճակ տալ ռուսերենին, որպեսզի հայկական վարորդական իրավունքները ընդունվեն Ռուսաստանում:
2017թ. հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել մի օրենք, որն արգելում է արտասահմանյան վարորդական իրավունք ունեցող վարորդներին աշխատել այդ երկրի տարածքում: Ընդ որում, հուլիսի 14-ին Պետդուման ընդունել էր ևս մեկ օրենք, որով Ղրղըզստանի քաղաքացիներին (որտեղ ռուսերենին պաշտոնական կարգավիճակ է տրված) թույլատրվում է պրոֆեսիոնալ վարորդ աշխատել Ռուսաստանի տարածքում:
Պանկրատովը նշել է, որ կշարունակվեն աշխատանքները համաձայնագրի մշակման շուրջ, որը կսահմանի ազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման միասնական կանոնները: Բացի այդ, ԵՏՀ խորհուրդը արդեն առաջարկել է Ռուսաստանին խնդրել փոփոխություններ մտցնել համապատասխան օրենքներում՝ բացառելով արգելքի տարածումը ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ