Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային ողբերգությո՞ւն, թե՞ հոգեկան աղքատացում

Հուլիս 19,2017 11:19

Հաճախ մեզ թվում է մարդկային ողբերգությունը վերացական երևույթ է, որի մասին կարդում ենք գրքերում կամ տեսնում ֆիլմերում և այլն, որը դժվար թե մեզ հետ կատարվի։ Բայց, արի ու տես, որ այն տեղի է ունենում նաև այսօր, անգամ այս պահին` ձեր ընթերցման ընթացքում, անկախ նրանից` գիտակցում ենք, թե ոչ։ Այդ ողբերգությունը` արժեքների, ազգային սկզբունքների հարստահարումն ու եղծումն է, անգամ մեր` որոշ հայորդիների ձեռքով։ Նման աղավաղումները քաղցկեղի պես, աննկատ և աստիճանաբար` բջիջ-առ-բջիջ քայքայում են մեզ, որպես անհատ, հետևաբար և մեր ազգին։ Դրանք ոչնչացնում են ոչ միայն մեր մարմինը, այլ մեր ներաշխարհը։ Այդպիսով, հետզհետե քայքայվում է թե՛ մեր անհատական և թե՛ մեր հավաքական «ճաշակը»։

Իսկ, ի՞նչ է «ճաշակը»։

«Ճաշակը» կյանքի ընթացքում կուտակած փորձառությունների, գիտելիքի և գիտակցության արտացոլումն է, հետևաբար և ժողովրդի` ազգի հայելին։
Յուրաքանչյուր ազգի անդամ իր «ճաշակով է ստեղծագործում» և հասարակությունն էլ, իր հավաքական, «ճաշակով» է ընդունում կամ մերժում նրա ստեղծագործությունը։
Արդյունքում, տեսնում ենք այդ հասարակության «ճաշակը», որով և նրա էությունը։
Շուրջ 37 տարի առաջ, Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելլո քաղաքի հայությունը, իր ազգային և մշակութային կյանքը աշխուժացնելու նպատակով, մի երիտասարդ ճարտարապետի` Աշոտ Դուրյանին հանձնարարեց նախագծել և կառուցել, մի եկեղեցի, մի բազմաֆունկցիոնալ սրահ, կիրակնօրյա դպրոց, գրասենյակներ և այլն, շուրջ 4 ակր հողատարածքի վրա։ Այդ պատվերը Դուրյանն իրագործեց գերազանցորեն։

Որպես ճարտարապետ, ես կարող եմ ամբողջ համալիրը գնահատել, մեր ազգի համար, որպես ճարտարապետական խորիմաստ ձեռքբերում, այն էլ օտար ափերում։
Եկեղեցին, իր ձևի մեջ, եզակի ոգեշնչող կոթող է, որի մասին, ցավոք, շատ քիչ է անդրադարձվել մեր եկեղեցաշինության և ազգային ճարտարապետության բնագավառներում։ Ճարտարապետն այստեղ մարմնավորել է ոչ միայն հայ մարդու «ճաշակի» թռիչքը, այլ նաև նրա երկնասլաց հոգեկան ներաշխարհը։

Ըստ իս, այս աշխատանքում նա կարողացել է խտացնել դարերի հայ եկեղեցաշինության ճարտարապետական նվաճումները, նաև ձերբազատվել մեր ճարտարապետության և մշակույթի մեջ ներխուժած մի շարք մոլախոտներից։

Այս գործը, հատկապես եկեղեցին, մարմնավորում է մեր ժամանակի ֆիզիկական և մետաֆիզիկական ոգին:

Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում, ականատես եմ եղել այդ համալիրում կատարված մի շարք ինքնանպատակ և անբարենպաստ փոփոխությունների, որոնք անհարիր են եղել բուն ոճին։
Համոզված եմ, որ այդ փոփոխություններին ձեռնամուխ լինելիս, ոչ եկեղեցին, ոչ էլ նրա հանձնախմբերը առիթ են փնտրել խորհրդակցելու կամ նույնիսկ տեղեկացնելու հեղինակ ճարտարապետին:

Այսօր, այդ համալիրի նկատմամբ կատարվում է մի մեծ աղետ:
Բացարձակապես արհամարհելով առկա տարածքի տվյալները, կառույցների դիրքը, ոճը և այլն, կարծես թե հատուկ և միտումնավոր կերպով փորձում են եղծել, վարկաբեկել համալիրը։ Հասկանալի է և բնական, որ ընդհանրապես բարեփոխում միշտ եղել է ու կլինի, սակայն ո՛չ վարկաբեկելով կամ տգետորեն անտեսելով օրիգինալ գործի էությունը։
Նրանք, այսօր մայր կառույցին մի այնպիսի խեղկատակություն են կցում, որը ո՛չ միայն անհամատեղելի է բուն կառույցին, այլ անգամ ամոթ է, որ հայը նման մի խեղճություն կառուցի։ Սա այնպիսի քայլ է, որ նույնիսկ մեր վատթարագույն թշնամին դա չեր անի:

Այս «նոր հավելվածի» մտահղացողին, հավանաբար թվում է, թե մի քանի կամարներ տեղադրելով և կամ կառույցի ճակատին ինչ-որ խաչ փորագրելով, այն «հայկական» կառույց կդառնա:

Ցավոք, նա չի գիտակցում, որ նման «ցավալի հավելվածը» բացարձակապես կապ չունի՛ «հայ ճարտարապետության» հետ, ո՛չ էլ, ընդհանրապես, ճարտարապետության հետ…
Հարգելի ընթերցող, «մարդկային ողբերգությունը» վերացական երևույթ չէ։ Այսօր մենք անձամբ, կրկին անգամ ապրում ենք հոգեկան աղքատացում…

Հարգելիս,

Ինչպե՞ս կարելի է քաղաքակիրթ մի ազգ այդպիսի ապականում, այդպիսի աղավաղում և այդպիսի ստորացում թույլ տա (լինի դա գիտակցված կամ անգիտակից կերպով — միևնույնն է)։ Ինչպե՞ս կարելի է որևէ ստեղծագործություն «ձևափոխել» առանց հեղինակին տեղեկացնելու։
Ինչպե՞ս կարելի է հայ համայնքի շահերը պաշտպանող մի հանձնախումբ անողորմ կերպով վարկաբեկի մի ստեղծագործություն` առանց խղճի խայթ զգալու։
Ինչպե՞ս կարելի է հոգևոր աշխարհի ներկայացուցչությունը իր հանձնախմբին թույլ տա համայնքին նվիրված մի ստեղծագործության հետ նման կերպ վարվել։
Ինչպե՞ս կարելի է հայ անհատը` հատկապես այդ համայնքում բնակվողը հանդուրժի տեսնել և անտարբեր մնալ այդ բոլորի նկատմամբ։
Ինչպե՞ս չբողոքել հոգու և ճաշակի դեմ կատարվող այսպիսի ստորացման։
Ինչպե՞ս հանդուրժել հայ համայնքի ճարտարապետական կառույցների այսպիսի եղծանումն ու այլանդակումը։

Եկեղեցին` մեր վերջին հոգևոր ռահվիրան, եթե առաջնորդում կամ մասնակից է լինում համայնքի «ճաշակի» նսեմացմանը, կրկնակի դժվար է դառնում մեզ` մահկանացուներիս համար ունենալու որևէ ազնիվ մշակութային օրինակ։

Ֆիզիկական ջարդն ու կորուստը կարելի է ինչ-որ կերպ հանդուրժել, դիմակայել, անգամ պայքարել, սակայն հոգու և մշակույթի փոշիացմա՞նը, արժեքների ստորացման՞ը…
Ահա, թե ինչպես է կատարվում մեր ներկա և գալիք սերնդների ներաշխարհի աննկատ կոտորածը` հոգու աղքատացումը։

Ահա, թե ինչու լռելն այլևս անհնար է դառնում։

 

Էդվարդ Հակոբյան,
Ճարտարապետ
Մայիս 28, 2017 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31