Հետաքրքիր է, որ ամբաստանյալի աթոռին հայտնված զինված խմբի անդամներին ահաբեկչության հոդվածով մեղադրանք ներկայացված չէ: Մեղադրանքները առնչվում են ոստիկանության 3 աշխատակիցների սպանություններին, շենքեր զավթելուն, պատանդներ վերցնելուն, ապօրինի զենք-զինամթերքին եւ այլ հակաօրինական գործողություններին:
Ինչ վերաբերում է ապստամբությանն ու զինված խմբի աջակիցների կողմից «ապստամբության իրավունքի» թեմայով տեղի-անտեղի ճամարտակություններին, ապա դժվար չէ նկատել, որ լավատեղյակ են հիշյալ իրավունքի վերաբերյալ կամայական եւ իրենց ցանկություններին հարմարեցված մեկնաբանություններին:
Ինչ էլ ասվի, զինված խմբի արածը չի դադարում ծանր հանցագործություն լինելուց: Հանցագործություն, որն ուղղված էր պետության դեմ։ Այն իրական սպառնալիք էր պետության անվտանգությանը: Ի լրումն՝ դա ուղղված էր նաեւ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն:
Այդ ամենից բացի, զինված խմբի գործողությունների հետեւանքով, դիտավորությամբ 3 սպանություն է կատարվել: Երեք ոստիկան, երեք հայ մարդ է սպանվել: Իսկ եթե հավելենք պատանդառությունն ու մյուս արարքները, ակնհայտ կդառնա, որ կատարվածն առանց այդ էլ ծանր հանցագործություն է:
Եթե ոչ միայն իրավական տեսանկյունից դիտարկենք, ապա տեղի ունեցածը ամեն պարագայում արկածախնդրություն է: Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ վերջին օրերին, այդ արկածախնդրությունը փորձ է արվում «փաթեթավորել» ազգային-գաղափարական ձեւակերպումներով, վեհ ու մեծ, անգամ՝ մեծ-մեծ նպատակներով: Ըստ այդմ, արկածախնդրություն՝ «գաղափարական մշուշով» պարուրված:
Լավ, ի՞նչ են ուզում կամ ի՞նչ նպատակներ են դրել զինված խումբն ու իրենց գաղափարախոս-հրահանգիչները: Նախօրեին տարածած ուղերձը թույլ է տալիս որոշ պատկերացում կազմել դրա մասին, չնայած ընդհանրական ու մշուշախառն ձեւակերպումներին:
Արմեն Հակոբյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում