Կոտայքի մարզը ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ամենաակտիվ մասնակիցներից է: Այս մարզի ընտանիքներն ամեն տարի մրցույթի եզրափակչում ոչ միայն մրցանակային տեղեր են զբաղեցնում տարբեր տարիքային խմբերում ու առանձին մրցաձեւերում, այլեւ արժանանում են թիմային գավաթի:
Երեկ Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 14-րդ եզրափակիչը: Առաջին օրը մասնակիցներին այցելեցին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բաթոյանը: «Առավոտը» զրուցեց նրանց հետ:
«Առողջ ապրելակերպը, ազգաբնակչության համար մարզումային պայմաններ ստեղծելը մեր, ինչպես նաեւ մյուս համայնքների համար առաջնային խնդիրներից է: Բոլորն էլ իրենց հնգամյա զարգացման ծրագրերում սպորտի եւ մասսայական ֆիզկուլտուրայի զարգացման ծրագրեր ունեն: Բայց դա կախված է բյուջեից», – ասաց մարզպետ Կարապետ Գուլոյանը: Հարցին, թե այդ ծրագրերը հասցեակա՞ն են, պարոն Գուլոյանը պատասխանեց. «Անշուշտ: Դրանք նախագծերի ու նախահաշիվների տեսքով պատրաստ են: Ուսումնասիրում ենք, թե որ գյուղում եւ քաղաքում ինչ պետք է անենք: Թեեւ քաղաքները պայմանների (խաղահրապարակներ, մարզադահլիճներ, վազքուղիներ եւ այլն) առումով անհամեմատ ավելի բարվոք վիճակում են, քան գյուղերը, սակայն ամեն տեղ էլ ըստ էության անելիքներ շատ կան: Այնպես որ, թեկուզ պարզ տիպի խաղահրապարակների կառուցման գործընթացը շարունակվում է ու պետք է լինի ըստ առաջնահերթության»:
Կարեն Բաթոյանը մոտ երկու ամիս է, ինչ նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ: Նրանից հետաքրքրվեցինք՝ առաջին անգամ եք այցելում ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլ: Չէի՞ք համբերում մրցույթը թափ հավաքեր, որ հենց առաջին օրը եկաք: Ի պատասխան՝ մարզպետն ասաց. «Նախ, ուզում եմ ասել, որ անգնահատելի է այս մրցույթի դերը հասարակությանը առողջ ապրելակերպի եւ մասսայական ֆիզկուլտուրայի ոլորտ ներգրավելու հարցում: Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, համբերելու կամ չհամբերելու խնդիր չկա: Մարզային փուլում հաղթող ճանաչված ընտանիքների հետ մինչեւ նրանց Ծաղկաձոր գալը հանդիպել ենք, ոգեւորել, ասել, որ եզրափակչում էլ ամեն հարցով լինելու ենք նրանց կողքին: Ընտանիքներն էլ խոստացել են, որ իրենց ամբողջ ուժերը կներդնեն լավ մասնակցություն ունենալու համար»: Հարցին, թե իր ղեկավարած մարզում առողջ ապրելակերպով զբաղվելու համար եղած պայմաններն ինչպե՞ս է գնահատում, նորանշանակ մարզպետը պատասխանեց. «Եթե ասեմ, որ պայմաններ չկան, այդպես չէ, իսկ եթե ասեմ՝ պայմանները բավարար են, իհարկե, բավարար չեն»: Իսկ թե առկա խնդիրը կարգավորելու ի՞նչ գաղափարներ կան, որին Կարեն Բաթոյանն ասաց. «Մտքեր շատ կան, բայց դրանք պետք է ծրագիր դառնան: Եվ երբ այդ ծրագիրը հաստատվի, բոլորը կտեղեկանան»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
19.07.2017