«Եթե դուք այդ բանն անեք, մենք ձեզ հասարակական պարսավանքի կենթարկենք»: Այդ սպառնալիքը եւ դրա իրագործումն իմ մեջ միշտ բողոք են առաջացնում: Ընդ որում, անկախ նրանից` արդյոք այդ «պարսավանքի» թիրախը ճի՞շտ է, թե՞ սխալ: Որովհետեւ մենք խնդիր ունենք ինքնուրույն, ոչ շաբլոն մտածողության զարգացման: Մարդու, հատկապես երիտասարդի մեջ վախ սերմանել, թե որեւէ կարծիք արտահայտելու կամ որեւէ քայլ կատարելու համար նրա վրա զանգվածային հարձակում են գործելու, նշանակում է բարդույթավորել նրան, ստիպել, որ նա թաքցնի իր մտքերը կամ կամաց-կամաց տեղավորվի մտածողության իշխող ստանդարտի մեջ: Ոչ բոլորն են, որ ուժ ունեն դիմադրելու «հասարակական պարսավանքին», շատերը մտնում են իրենց պատյանի մեջ կամ դառնում են «բոլորի նման»:
Վերջին դասական օրինակը ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակումն էր: Եթե դու հրաժարվում ես դա բնութագրել իբրեւ «հերոսական ապստամբություն»՝ վերջ, «հասարակական պարսավանքն» ապահովված է: Նրանք, ովքեր անզեն, խաղաղ քաղաքական պայքարի կողմնակիցներ են, հայտնվում են թիրախի կարգավիճակում: Մարդիկ վախենում են այդ «պարսավանքից», չեն ուզում, որ իրենց «ժողովրդի թշնամու» պիտակ կպցնեն, դրա համար էլ ձայն չեն հանում: Արդյունքում, ինչպես ասում են, «majority rules»:
Դպրոցում, երեւի 7-8-րդ դասարանում, ինչ-որ մի առիթով ասացի՝ «անձամբ ինձ թվում է…», ուսուցչուհին ինձ խիստ տոնով ընդհատեց, ասելով. «Անձամբ քեզ ոչ մի բան չի կարող թվալ, սկզբից դպրոցն ավարտիր, հետո անձամբ քո անունից խոսիր»: Հիմա, երբ ես դպրոցը վաղուց արդեն ավարտել եմ, ինձ թույլ տամ ասել` պետք չէ ոչ մեկին սպառնալ հասարակական պարսավանքով: Վերջերս, օրինակ, «հայու գենի» ջատագովները նման սպառնալիք են հնչեցրել «Մեդիա կենտրոնին»՝ վիճահարույց ֆիլմը ցույց տալու մտադրության համար:
Ընդհանրապես այդ «ջատագովների» արտահայտած մտքերը բավականին զավեշտալի են: Կիրակի օրն անցավ Երեւանյան գունազարդ վազքարշավը, որի ընթացքում երիտասարդներն իրար վրա ներկ են շփում: Բայց քանի որ այն անգլերեն կոչվում էր Yerevan Color ran, color («գույն», «գունավոր»), բառը կապվեց ծիածանի գույների հետ, իսկ վերջինս` ԼԳԲՏ համայնքի դրոշի հետ, եւ պարզվեց, որ վազքարշավը նույնպես չի տեղավորվում «հայու գենի» շրջանակներում: Լավ է, «հասարակական պարսավանքին» գործը չհասավ:
Գերմանացի փիլիսոփա եւ հոգեբան Էրիխ Ֆրոմը գրում էր. «Արդյոք պարտադի՞ր է, որ անկախությունն ու ազատությունը նույնականացվեն մեկուսացման եւ վախի հետ: Թե՞ հնարավոր է դրական ազատության իրավիճակ, որում անհատը գոյություն ունի որպես անկախ անձնավորություն, բայց ոչ մեկուսացված, այլ աշխարհի, այլ մարդկանց եւ բնության հետ միացած: Կարծում եմ՝ այդ հարցին կարելի է դրական պատասխան տալ»: Հա, մոռացա, Ֆրոմն ազգությամբ հրեա էր, իսկ, ըստ «հայու գենի» տեսության, հրեաները վատ մարդիկ են, Հայոց ցեղասպանություն են կազմակերպել, հետեւաբար՝ նրանց բոլոր ասածները սխալ են:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Երէկ մի յայտնի մարդ գրել է. «Ջրհեղեղ Ստամբուլում. տարոսը Բաքուին»:
Բնականաբար՝ հիացական մեկնաբանութիւններ, խինդ եւ ուրախութիւն:
Բանական մարդն, ի հարկէ, չի կարող հրճուել ջրհեղեղի մասին լուրից, թէկուզեւ այն պատուհասել է թուրքերին (վերջապէս այդ նոյն աղէտը կարկուտի տեսքով պատուհասեց ՄԵԶ՝ բառացիօրէն մի քանի շաբաթ առաջ):
Ինչեւէ՜:
Գրում ես, որ չի կարելի, անյարմար է, եւ «հայրենասէր» ամբոխն իսկոյն յարձակւում է քո վրայ: Բայց, Փա՜ռք Աստուծոյ, վաղո՜ւց իմունիտետ ունեմ:
Amicus Plato, sed magis amica veritas.
Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտութիւնն աւելի թանկ է:
«Սասնոյ Հանգստափչիկների» նիւթով,
դարձեալ չեմ հասկանում թէ ո՞ւր է իրենց փառաբանոշ այդ «մեծամասնութիւնը»…
երեկ իրենց հերոսական եղբայրասպանութեան տարերաձն էր,
աշխարհի լման տարածքին, սկսեալ Հայաստանէն,
ընդամէնը երեք հարիւր հոգի չկար, «զօրակցական» միջոցառումներու !!!
ուրեմն, բացառապէս Համացանցային թէական գոյակների մեծամասնութեան մասին է խօսքը…
ճիշդ ի՞նչ արժէք ունին անոնք, յատկապէս այս նիւթին մէջ, ժողովրդային ապստամբութիւն-մապստամբութիւն…