«Տեղեկացված լինելով, որ փարիզաբնակ հարգարժան արվեստագետ Ժիրայր Փափազյանը պատրաստվում է Երեւանում բնօրինակով (լիբրետոն՝ Թովմաս Թերզյանի) բեմադրել Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերան, ես իմ եւ գործընկերներիս անունից հայտարարում եմ, որ դա անթույլատրելի է եւ նույնիսկ քննարկման ենթակա չէ: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ Փափազյանի միջամտությամբ 2001թ. այս բեմադրության պրեմիերան Սան Ֆրանցիսկոյի օպերայում տապալվել է՝ առաջացնելով մեր անվանի հայրենակիցների զայրույթը»,- «Առավոտին» հայտնեց օպերային ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը: Նրա խոսքով. «Ժամանակին Թերզյանի լիբրետոն թելադրվել է Օսմանյան կայսրության կողմից: Համոզված ենք, որ բնօրինակին ծանոթ են եղել օպերային արվեստի մեր մեծերը, այդ թվում՝ դիրիժոր Միքայել Թավրիզյանը, երաժշտագետ Գեւորգ Տիգրանովը, բեմադրիչ Արմեն Գուլակյանը, կոմպոզիտոր Լեւոն Խոջա-Էյնաթյանը, որոնք 1945թ. քննարկման են դրել Թերզյանի լիբրետոյում ներկայացված մեր թագավորի աղավաղված կերպարը: Իսկ նոր լիբրետոն, որը հանձնարարվեց Արմեն Գուլակյանին, հենց այնպես չի գրվել, նա խորհրդակցել է պատմաբանների հետ, Դերենիկ Դեմիրճյանի էլ հետ քննարկել Արշակ թագավորի իրական կերպարը…»:
Սուքիաս Թորոսյանը փաստեց նաեւ, որ 1956թ. Մեծ թատրոնում նաեւ «Արշակ Երկրորդի» հաջողությունից հետո Երեւանի օպերային թատրոնը արժանանում է ակադեմիականի կարգավիճակի, գլխավոր դերերգերով էլ հանդես են եկել Միհրան Երկաթը (Արշակ Երկրորդ՝ լուսանկարում), Գոհար Գասպարյանը (Օլիմպիա), Տաթեւիկ Սազանդարյանը (Փառանձեմ), Նար Հովհաննիսյանը (Ներսես):
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
18.07.2017