Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենք պատշգամբի դուռ, բայց պատշգամբ չունենք

Հուլիս 19,2017 14:30

Ադրբեջանական խնձոր, թուրքական լոլիկ, ցուպիկով կաթնամթերք, օրերս էլ պարզվեց, որ այս սեզոնին լայն սպառում ունեցող պաղպաղակի որոշ տեսակներ չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության նորմերին: «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել 8 արտադրողի «Պլոմբիր» տեսակի պաղպաղակ, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին եւ չեն պարունակել բուսական յուղ։

Չնայած նրան, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակման, կարելի է ասել, հաջորդ օրը ուշադրություն հրավիրեց սննդամթերքի անվտանգության խնդիրներին ու խստագույնս պահանջեց կարգավորել այս ոլորտը, այդուհանդերձ, այսպիսի խնդիրների սպառողն օրումեջ առնչվում է:

Էկո եւ սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, որը նաեւ միջազգային փորձագետ է ու Իտալիայի սննդագիտության դոկտոր, կարծում է, որ սննդի անվտանգության խնդիրը մեր երկրում համակարգային լուծում է պահանջում: «Առավոտի» խնդրանքով պարոն Պիպոյանն անդրադարձավ գործող համակարգին, պարզաբանեց նաեւ, թե ինչո՞ւ Հայաստանում սննդի անվտանգության խնդիրները չեն լուծվում:

Ըստ նրա՝ եթե պաղպաղակի մասին հրապարակումը լիներ արտասահմանյան զարգացած երկրներից մեկում, ապա, բացի այն, որ ամբողջ մամուլը կպայթեր այդ տեղեկատվությամբ, կստեղծվեր խուճապ, քանի որ այնտեղ լիազոր մարմինը պարտավոր է շատ արագ, օպերատիվ՝ 24 ժամվա ընթացքում արձագանքել: Դավիթ Պիպոյանի խոսքով՝ եթե կա նմանատիպ հայտարարություն, պետք է կասեցնեն իրացումը մինչեւ վերջնականապես լինի գնահատական եւ այլն:

«Մենք այսօր խոսում ենք այս ամառվա ընթացքում մեծ սպառում ունեցող եւ բարձր ռիսկային սննդամթերքի մասին, եւ, ինչպես միշտ, աշխատում են հասարակական սեկտորը եւ ԶԼՄ-ները կամ գիտական կազմակերպությունը: Պաշտոնական մարմնի կայքում չկա որեւէ տեղեկատվություն, որպեսզի հասկանանք` ինչպես կողմնորոշվենք, իրենք արդեն պիտի արձագանքած լինեին այս ամենին:

Մենք այսպիսի իրավիճակ ենք ունեցել գրեթե բոլոր դեպքերում` լինի ադրբեջանական խնձորի դեպքը, թուրքական լոլիկի, թուրքական ցոգոլի»,- ասում է պարոն Պիպոյանը: Նա համոզվել է, որ փաստացի նոր ձեւավորված կառավարությանը սննդամթերքի անվտանգության խնդիրները «բնավ չեն հետաքրքրում». «Եթե նոր նշանակված ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները հուսադրող էին, ապա այդ տրամադրությունները տեւեցին 10 օր, 10 օր հետո փուչիկը պայթեց, իլյուզիաները ցրվեցին, եւ հասկացանք, որ գործ ունենք մի կառավարության հետ, որի հայտարարությունն ու գործողությունները չեն համապատասխանում, ավելին` իրար հակասում են: Որովհետեւ վարչապետը հայտարարում էր` մենք կփոխենք պետին, որովհետեւ շանտղություն է սնունդ չստուգելը. մարդն ավտոմատ մտածում է, որ երեւի ունենք կառավարություն, որ իսկապես հասկացավ, որ չի կարելի մեր աղջկա եւ հարսի սննդին չհետեւել: Փաստացի ունեցել ենք իրավիճակ, որ հենց այս փոփոխությունների ընթացքում մենք ունեցել ենք իրավիճակ, երբ շատ ավելի շատ սննդային սկանդալ ենք ունեցել: Այսինքն` մենք ամեն օր ականատես ենք լինում կեղծիքների եւ սկանդալների, եւ երբ որ կառավարությունն ընդամենը հայտարարությամբ հանդես է գալիս ու ասում` դե լավ, 300 կիլոգրամ էր, ինձ չի հետաքրքրում անվտանգության հիմնահարցերը, մենք այստեղ հասկանում ենք, որ ընդամենը գործ ենք ունեցել պոպուլիզմի հետ»:

Դավիթ Պիպոյանի խոսքով՝ խախտումները հաճախակի բնույթ են կրում նաեւ այն պատճառով, որ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համար նախատեսված պատժամիջոցները չնչին են` 300 հազար դրամ, եւ չեն ենթարկվում քրեական պատասխանատվության. «Մեզ մոտ պատասխանատվությունը վարչական է: Արտերկրում կեղծիքների վարույթների հարուցման ժամանակ այնքան մանրակրկիտ է գործը քննվում:
Իտալիայում եթե կեղծիքը հանրային նշանակության է, մարդուն կարող են ընդհուպ քրեական պատասխանատվության ենթարկել: Իսկ եթե չունի հանրային, այլ զուտ տնտեսական է եղել, նրան հակամրցակցության մեջ են մեղադրում: Եթե դու կեղծ տեղեկատվություն ես տվել, քեզ համարում են անբարեխիղճ մրցակից եւ այնպիսի սանկցիաներ կդնեն, որ դու պարզապես կլուծարվես: Այսինքն` մի դեպքում կնստես, մի դեպքում` կլուծարվես: Պլստալու մեխանիզմ չունես, այդքան խիստ են այդ պատժամիջոցները»:

Պարոն Պիպոյանի խոսքով՝ սննդամթերքի անվտանգությունը կրթություն է, որը որ մարդիկ գնում՝ երկար տարիներ սովորում են, եւ այսօր մեր այս ոլորտով, ըստ մասնագետի, զբաղվում են տարրական գիտելիքներ չունեցող մասնագետներ:

Թե ինչպես է ամբողջ աշխարհը կարգավորում սննդամթերքի անվտանգության խնդիրները, սննդամթերքի անվտանգության կարգավորման ինչպիսի ռազմավարական մոդելներ է մշակում՝ Դավիթ Պիպոյանն ասում է. «Շատ կարեւոր է նաեւ ազգային մենթալիտետը: Տարբեր երկրներ տարբեր ռազմավարություններ եւ մարտավարություններ ունեն, որոնցից երեքը նշեմ: Առաջինը ամոթի եւ սկանդալների ռազմավարությունն է. սա շատ լավ աշխատում է այն երկրներում, որտեղ մարդիկ շատ հավատում են ե՛ւ պետական այրերին, ե՛ւ ԶԼՄ-ներին, եւ հետեւապես հաղորդակցելով պարենի ոլորտի խնդիրները՝ ավտոմատ կերպով լուծում են: Այսինքն` ոչ թե մեծ տուգանքով է լուծվում, այլ այդ տնտեսվարողի անունն ընկնում է սեւ ցուցակ, կամ մամուլով հրապարակում են նրա անունը, եւ մարդիկ այնքան վստահություն ունեն, որ անգամ երբ տնտեսվարող սուբյեկտն ուղղում է այդ թերությունը, արդեն այդ տնտեսվարող սուբյեկտին չեն վստահում, ապրանքը ձեռք չեն բերում: Այդ մոդելը շատ լավ աշխատում է ԱՄՆ-ում»:

Ըստ Դավիթ Պիպոյանի՝ երկրորդ մոդելը սննդամթերքի անվտանգության եվրոպական մոդելն է, որը կոչվում է ռիսկի վրա հիմնված սննդամթերքի անվտանգության համակարգ. «Սա, ըստ իս, սննդամթերքի անվտանգության ապահովման լավագույն համակարգն է, որովհետեւ այն հիմնված է իրենից տարանջատված, սննդի ռիսկի գնահատման եւ սննդի ռիսկի կառավարման գործընթացների վրա: Ինչո՞վ է գործընթացը շատ լավը. շահերի բախումը նվազեցնելով՝ կրճատում է կոռուպցիոն ռիսկը: Պետական լիազոր մարմիններն այս դեպքում զբաղվում են ոչ թե սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության ընթացքում իրենք իրենց ռիսկի գնահատումով` ինքն իր ռիսկը գնահատում է, ինքն իրեն մտնում է ստուգման, այլ կա գիտական մարմին, գիտական մարմինը գնահատում է, գիտական մեթոդները թափանցիկ կերպով գնահատում են ռիսկերը, այնուհետեւ պետական լիազոր մարմինը կառավարվում է եւ հաղորդակցվում է. դարձյալ հանրությանը այդ ռիսկերը եւ այս համակարգի լավագույն սկզբունքը կայանում է շահերի բախման բացառումը: Երրոդ մոդելը սննդամթերքի պարտադիր ստուգումների եւ համապատասխանության գնահատումների, ստանդարտների, սերտիֆիկատների վրա հիմնված սննդամթերքի համակարգն է, որը կոչվում է ավանդական ստուգումների համակարգ, երբ որ խմբաքանակը պետք է անցնի լաբորատոր փորձաքննություն եւ ունենա համապատասխան ուղեկցող փաստաթուղթ»:

Իսկ թե ինչ ունենք ՀՀ-ում՝ թղթով եւ փաստացի, պարոն Պիպոյանն ասում է. «Թղթով ունենք գրված ռիսկի վրա հիմնված, բայց իրականում անում ենք ավանդական ստուգումների համակարգ, որը իրականում չենք անում: Այսինքն` փաստաթղթերով մենք ասում ենք, որ պիտի ռիսկի վրա հիմնված լինի, եւ պետք է լինի գիտական մարմին, որին նշանակում է ՀՀ կառավարությունը: 2014 թվականից օրենքն ընդունվել է, այսօր 2017 թվականն է, մենք առայսօր չունենք այդ գիտական կենտրոնը: Կառավարության նոր ծրագրով 2017-ին նոր ծրագրել են ունենալ դրա մոդելը: Այսինքն` սա ակնհայտ ինքնախոստովանական ցուցմունք է, որ մինչեւ 2017 թվականը թղթի վրա ունեցել ենք, բայց չենք արել:

Երկրորդ կարեւոր հանգամանքը՝ դուրս է գալիս մենք բալկոնի դուռ ունենք, բայց պատշգամբ չունենք. փաստորեն այսքան տարի մեր ռիսկերը կառավարել են չեղած եւ չգնահատված ռիսկերի հիման վրա, ինչը որ ծիծաղի ժանրից է, բայց իրականում սա տրագիկոմեդիա է: Երբ ժամանակին Հայաստանն անցում էր ուզում անել այս համակարգին, ես ասում էի, որ մենք պատրաստ չենք: Այսպիսի համակարգի անցնում են այն երկրները, որոնք արդեն ունեն այնպիսի տնտեսվարող սուբյեկտներ, որոնք ունեն ռիսկի վրա հիմնված կառավարման համակարգ: Իրենք համապատասխան գիտական կենտրոններ ունեն: Նմանատիպ երկրներում այսպիսի համակարգի ներդրումը տեղի էր ունենում մեկից երկու տարվա ընթացքում: Մենք դեռեւս մեր հզորություններով 90-ական թվականներում ենք մնացել: Բնական է եւ հասկանալի, որ մենք չէինք կարող ունենալ այդ համակարգը: Պարադոքսալ իրավիճակի առաջ ենք կանգնած: Մենք ունենք փաստացի լիազոր մարմին, որի գործունեությունն ուղղված է իրենց անգործության ինքնարդարացմանը, որի արդյունքում իրենք պաշտպանում են կամա թե ակամա տնտեսվարող սուբյեկտին: Իրենք ոչ թե դա գիտակցաբար են անում, գուցե եւ գիտակցաբար են անում, բայց պարադոքսալ է այն առումով, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության երկրի նման զարգացածության եւ սննդամթերքի անվտանգության վատ մակարդակ ունեցող երկրներն ունենում են ոչ ազատ մամուլ, ոչ թափանցիկ երկրներ:

Մեր երկիրը մամուլի ազատության առումով շատ բարելավել է իր հորիզոնականները, ե՛ւ հասարակական սեկտորը, ե՛ւ ԶԼՄ-ները մեր երկրում ունեն շատ կարեւոր դեր եւ արձագանքում են բազմաթիվ խնդիրների, եւ բարձրաձայնված բոլոր խնդիրները ոչ թե ի հայտ են եկել եւ բացահայտվել են պետական լիազոր մարմնի գործունեության արդյունքում, այլ հասարակական սեկտորի գիտական կազմակերպությունների միջոցով եւ ԶԼՄ-ների ակտիվ աշխատանքի ներքո: Փաստացի, եթե չլինեին ԶԼՄ-ները, հասարակական սեկտորը եւ գիտական հիմնարկները, մենք այդ խնդիրների մասին չէինք իմանա: Սա ամենավատ երեւույթն է: Հարցումների արդյունքում պարզ էր դարձել, որ լիազոր մարմնին չեն վստահում, ինչը վատ երեւույթ է, եւ իրականում մենք պետք է ոչ թե չարախնդանք, որ ունենք այդպիսի մարմին, այլ սա շատ բացասաբար է անդրադառնում ԶԼՄ-ների աշխատանքների եւ հասարակական սեկտորի աշխատանքների վրա: Որովհետեւ այս թեւը հանդես է գալիս հայտարարությամբ, պատկան մարմինը կամ հերքում է, կամ փորձում է արդարացման մեխանիզմներ գտնել, եւ արդյունքում շարքային սպառողն այդ տեղեկատվական բլոկում չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, եւ արդյունքում առաջանում է մի իրավիճակ, երբ տնտեսվարողների կողմից իրականացվող կեղծիքները հասարակությանը կամաց-կամաց սկսում են շատ ավելի քիչ հետաքրքրել: Այսօր մենք սննդային սկանդալների նկատմամբ արդեն ունենք իմունիտետ»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

18.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31