«Մեքենայի մեջ միացնում էր հայրենասիրական երգերի սկավառակը ու մենք հպարտ էինք գնում` դեպի հաղթանակ: Դիտարկվող կետերում այնպես էր վարում մեքենան, որ թվում էր, ուր որ է մասերի կբաժանվի: «Քուրս, հո գլուխդ շատ չցավե՞ց: Նայի՛ր, դեռ թուրքի գերեզմաններ կան մեր հողում, իսկ իրանք ի՞նչ արեցին: Էնքան արյուն տեսանք, ես էլ դաժանացա…»,-ասում էր: Հովհաննես Առաքելյանը ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա շտաբի ղեկավարն էր: Նա չտեսավ, ցավոք, զավակների մեծանալը: Դիտարկվող կետեր բարձրանալիս մեքենայով շուռ էին եկել:
Մեքենան դարձել էր մետաղյա ջարդոն, բայց ինքը, մեր գործընկեր Ալիսա Գեւորգյանը փրկվել էին: Ամիսներ անց ինձ ուղարկեց վերանորոգված «տանկի» նկարը: Քեզ բացակա չեմ դնի, երբեք, Հով ջան: Համոզված եմ, որ քեզ սպանեց ապրիլը, թեկուզ մեկ տարի անց, հանկարծամահ լինում են հոգում ցավ կրողները»: Իրապատում ցավն այսպես էր օրագրել իմ գործընկեր Լուսին Ղազարյանը:
Ապրիլյան քառօրյայից հետո Լուսինն առաջնագծում էր: Որպես կամավորական նա ուժի իրավահաջորդների կողքին էր: Ապրիլյան պատերազմից, թանկ կորուստներից հետո թվում էր, թե նա չի կարողանա գրել, անգամ բանաստեղծել, բայց ծնվեց լրագրողի «Սեր թեւերս» բանաստեղծությունների գիրքը: Իսկ գրքի շնորհանդեսի ժամանակ ԵԿՄ վարչության կողմից Լուսինը պարգեւատրվեց «Եռասերունդ երկրապահ» մեդալով: Լուսինն այսօր էլ դիրքերում է, զինվորների կողքին ու սահմանամերձ գյուղերում: «Հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ զորամաս գնացիր»,- հարցից էլ սկսվում է գործընկերոջս հետ զրույցը: Լուսինը պատմում է, երբ տասը տարեկան էր, հայրը նրան «կապեց» Արցախի հետ. այդ ժամանակ «զորամասը» Ազատության հրապարակն էր, հետո Մատենադարանի բակը, ուր «Ղարաբաղի ողբն» առաջին անգամ արտասանեց. «Չորրորդ դասարանում Մխիթար Սպարապետը կարդացի, հետո երբ արդեն մեծ էի՝ հեքիաթներ: Զորամասեր սկսեցի գնալ, երբ արդեն լրագրող էի. տասնհինգ տարի առաջ»:
Մարտական ուղին՝ Ջաբրայիլ, Մարդունու երկու առաջնագիծ դիրքերն են:
Լուսինը պատմում է, որ հինգ տարի առաջ, երբ թշնամին սկսեց էլի ինտենսիվ կրակել, նա գնացել է տարածքային զինկոմիսարիատ, անչափահաս որդուն թողնելով մոր խնամքին: Որեւէ մեկը չի կարողացել կանգնեցնել նրան, փոխել որոշումը, իսկ զարմանալին այն էր, որ ինչպես այդ ժամանակ, այնպես էլ ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ մեկնելու համար «հերթեր» էին: Նա գիտի կրակել, գիտի օգնել զինվորին, շփվել նրա հետ: «Թիրախի վրա ես կարող եմ կրակել,-ժպտալով ասում է նա,-ընկերներիցս Ալեքսանյան Յուրան հարցնում էր՝ չե՞ս վախենում, պատասխանեցի՝ եթե եկել եմ, հասել այստեղ, ինչ վախենալ: Ես զգում էի վտանգը, բայց վախենալն ուրիշ զգացողություն է, վախն այլ»: Վախի մասին խոսելիս Լուսինը ժպտալով հիշում է մեկ այլ կամավորական կնոջ էլ՝ որին մտերմաբար Կուկու են ասում: Նրան Լալալայկայում՝ Լելե թեփե տարածքում կարող էիր տեսնել մեկ բուժօգնություն ցույց տալիս, փամփուշտը զինվորի մարմնից առանց վախենալու հանելիս, մեկ զենքով. «որովհետեւ Հայրենիքն ուժեղ է ներսում»: Լուսինն ասում է, չի տեսել զինվորի, որը վախ ապրեր: Կին լրագրողներին, կանանց տեսնելիս նրբանկատ էին, ուշադիր: Լուսինն ասում է, դիրքեր կան, ուր ծաղկանոցներ կան, պատեր, սիրելիներին արված հատուկենտ խոստովանություններով:
Ցույց է տալիս մի նկար. Վազգեն Սարգսյանի մահապարտների ջոկատից 77- ամյա մի տղամարդ ապրիլին եկել էր Հունաստանից ու բարձր շաքար ուներ, ինքը զենքը ձեռքին նստեց ու Տեր հայրը, որը փարաջայի տակից զինվորական էր հագնված, օրհնեց այդ մարդուն ու նրա կռիվը: Արխիվային լուսանկարներն ու պատմությունները գիրք կդառնան: «Իմ երկնքի չքամվող անձրեւով, Երդվում եմ, Որովհետեւ ես երդվել գիտեմ, Հավատալ գիտեմ, Որովհետեւ ես` լիարժեք եմ…Կիսատ կյանքի սպիների դեմ»,- այդ օրերին գրում է Լուսինը:
Լուսինն այս օրերին պատրաստում է գիրք 1981 թվականի 24-ին ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի եւ գործողության մասին: Հիշեցնեմ, որ չորս հայեր՝ Վազգեն Սիսլյանը, Հակոբ Ջուլֆայանը, Գեւորգ Կյուզելյանը, Արամ Պասմաճյանը գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը, տասնհինգ ժամ այն պահելով իրենց հսկողության տակ: Իսկ օրեր հետո թվով երրորդ բանաստեղծությունների գիրքը կլինի՝ ռազմաճակատային պոեզիա: «Վաղուց հաց եմ, Երգերս թռչուններն են կարդում, Կարոտս երգում են սարերը, Փեշերից մանանա է կաթում…»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Լուսին, առաջնագիծ
«Առավոտ»
18.07.2017