Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են բանասերները վաճառող ու առաքիչ աշխատում

Հուլիս 19,2017 13:30

Օրերս ԵՊՀ դասախոս Սեյրան Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում ցավով փաստել էր, որ Երեւանի պետական համալսարանի մոտ հարյուրամյա պատմության մեջ առաջին անգամ հայոց լեզվի եւ գրականության (հայ բանասիրության) ֆակուլտետում մնացել են թափուր տեղեր:

Գրառման տակ մեկնաբանություններ կային, որ կրթության ոլորտը անտարբերության է մատնված, բանասիրական ֆակուլտետը դարձել է ամենահասանելին, մինչդեռ նախկինում 100 տեղի համար 1000-ից ավելի մարդ էր պայքարում, կարծիքներից մեկն էլ այն էր, որ բանասիրականում կաղապարների մեջ են դնում ուսանողներին: Ըստ մեկ այլ կարծիքի, «Ապահով Հայաստանին» բանասերներ պետք չեն:

Բանասիրական գիտությունների դոկտոր Վանո Եղիազարյանը «Առավոտի» հետ զրույցում կարծում է, որ թափուր տեղերի խնդիրը ամենուր է` բոլոր բուհերում եւ ֆակուլտետներում: Ընդ որում, նրա համոզմամբ, ամենաառաջին պատճառը արտագաղթն է: «Դա նկատելի է ոչ միան Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այլեւ հանրապետության այլ բուհերում: Օրինակ, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժին անցյալ տարի ընդունվել է 3 հոգի, մինչդեռ, երբ 90-ականների վերջերին դասախոսում էի այդ համալսարանում, 50-60 հոգանոց կուրսեր կային, հիմա 20 հոգանոց է կուրսը: Պարզ նկատելի է, որ եւ արտագաղթն է դրա պատճառը, եւ հասարակության մեջ կա մի միտում, որ հիմնականում գնում են դեպի կառավարման, իրավագիտության եւ նման տիպի ֆակուլտետներ` հետագայում եկամտաբեր աշխատանք ունենալու ակնկալիքով:

Մեր օրերում մի լուրջ բացթողում կա, սակայն Եվրոպայում շատ հստակ, պետական մակարդակով լուծվում է աշխատատեղի խնդիրը, պետությունը նախապես ուսումնասիրում է դաշտը, աշխատաշուկան եւ համապատասխան պատվեր է իջեցվում բուհին: Ես եղել եմ Ավստրիայի բուհերից մեկում եւ տեսել եմ, թե ինչպես են աշխատում, նրանք տեսնում են, թե ինչ կադրերի խնդիր կա, նախապես հեռահար ուսումնասիրում են առաջիկա 5-10 տարին: Հարց է առաջանում, եթե Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետն ավարտում է 100-200 մարդ, նրանցից քանի՞սն է մասնագիտությամբ աշխատում: Ես մեր կուրսի օրինակով էլ կարող եմ փաստել` շատ քիչ մասը: Այսօր լուծում են իրենց ֆինանսական խնդիրը, նրանց ուսանող է պետք, բայց բուհ-աշխատաշուկա-գործատու կապը մեզանում չի ձեւավորվում եւ պետությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերում: Դրա համար էլ պատկերն այդպիսին է»,-նշեց մեր զրուցակիցը:

«Առավոտը» ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանից հետաքրքրվեց` ո՞րն է պատճառը համապատասխան թվով դիմորդներ չլինելու: «Առաջին պատճառը արտագաղթն է, մյուսը, որ մի շարք բուհեր են բացվել Հայաստանում, երրորդը աշխատանքի հեռանկար չկա, աշխատավարձն էլ խիստ ցածր է, այդքանը, որ գումարես, դրանք բոլորը պատճառ են, որ դիմորդների թիվը պակասի: Գումարած այն, որ ժողովրդի մեծ մասն ի վիճակի չէ ուսման վարձ վճարել»,-ասաց դեկանը: Նրանից տեղեկացանք, որ վարձը 430000-440000 է:

Մեր հարցին` ի՞նչ լուծում է տեսնում, Արծրուն Ավագյանը պատասխանում է. «Լուծումն այն կլինի, եթե աշխատանքի վայր ունենան բանասիրական ֆակուլտետի շրջանավարտները, աշխատավարձը պետք է բարձր լինի, որ կանխվի արտագաղթը, դրանք բոլորը կբերեն լուծման»:

Բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Ավանեսյանի կարծիքով՝ պատճառները բազմազան են: «Պատճառներից մեկն այն է, որ արդյունավետ չեն օգտագործում կադրերին, եւ շուկան գերհագեցած է բանասերներով: Շատերն աշխատանք չեն գտնում իրենց մասնագիտությամբ, չնայած սրան, ամեն տարի մեծ թվով տարբեր համալսարաններ` ներառյալ մարզայինները, էլի արտադրում են բանասերներ: Շատ բանասերների տեսնում ենք խանութներում վաճառող, առաքիչ աշխատելիս, ոչ մասնագիտական այլ աշխատանքներ անելիս: Աշխատանք չգտնելու կամ մասնագիտությամբ չաշխատելու հանգամանքը կարող է բերել նրան, որ մարդիկ մտածեն` չարժե ռեսուրսներն օգտագործել, ընդունվել համալսարան: Մեկ այլ պատճառ էլ բերեմ` որքան էլ վերջին տարիներին գրքի, գրի, գրականության նկատմամբ ուշադրությունը մեծացել է, ամեն դեպքում, դեռեւս առաջնային պլանում չէ, քանի որ տնտեսական, առեւտրային, իրավական ոլորտներն ավելի առաջնային են, իսկ գիրքը, գրականությունը, լեզուն` երկրորդ պլանում: Սա եւս կարող է բերել նրան, որ մարդիկ իրենց փորձեն տեսնել ավելի եկամուտ բերող մասնագիտություններում` իրավաբան, տնտեսագետ, քաղաքագետ: Մյուս հանգամանքն էլ կապված է մշակույթի ոլորտի հետ: Մշակույթն առաջին հերթին լեզուն է, գիրը, գրականությունը, ավանդույթը, իսկ մենք տեսնում ենք, թե այսօր ինչ է կատարվում հեռուստատեսությունում, արդյունքում` հեռանալով ավանդույթից, լեզվից, գրքից, պակասում է ուշադրությունը բանասիրության հանդեպ: Այնինչ բանասիրությունը մեր համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է:

Բանասերները պետք է եւ դպրոցներում աշխատեն, եւ հեռուստատեսությունում, հեռուստատեսությունները պետք է ունենան լավ խմբագիրներ: Լավ բանասերներն անհրաժեշտ են մամուլին, գրահրատարակչության ոլորտին, մշակույթի ցանկացած ոլորտի, մինչդեռ բանասերների հնարավորություններն ու ռեսուրսներն այսօր միշտ չէ, որ ճիշտ են օգտագործվում»:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

18.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31