Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիմա Պիպոյանը «բացեց» խորեոգրաֆների ճանապարհը

Հուլիս 19,2017 13:00

ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանն արձագանքեց «Առավոտի»՝ «Հայաստանն առաջին անգամ մասնակցեց բալետի արտիստների եւ խորեոգրաֆների մոսկովյան մրցույթին» հոդվածին (30.06.2017թ.), որտեղ փաստել էինք մեր բալետի արտիստների հաջողությունները արտասահմանյան մրցույթներում եւ մտահոգություն հայտնել, որ մինչ օրս հայաստանցի եւ ոչ մի խորեոգրաֆ չի մասնակցել որեւէ միջազգային մրցույթի: Բալետի պարուհին տեղեկացրեց, որ հունիսին Սերբիայում կայացած խորեոգրաֆների մրցույթում, մասնակցությամբ 17 երկրից ժամանած արվեստագետների, եզրափակիչ է դուրս եկել 7-ը, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Ռիմա Պիպոյանը, որն արժանացել է 3-րդ մրցանակի: Նա ներկայացրել է Մարտին Վարդազարյանի մշակմամբ Եկմալյանի «Սուրբ-սուրբը» եւ «Blessed» բեմադրությունները՝ բալետի արտիստներ Դավիթ Գրիգորյանի եւ Թագուհի Մարկոսյանի մասնակցությամբ:

Նշենք, որ Ռիմա Պիպոյան խորեոգրաֆի անունը մասնագետների շրջանում սկսվել է հոլովվել դեռեւս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ուսանելու տարիներից (Վիլեն Գալստյանի արվեստանոց): Առանձնացնենք նրա լիբրետոյով «Անկումներով ենք վեր բարձրանում» եւ «Միջնադարյան պատկերներ» ներկայացումները: Ի դեպ, Ազգային օպերային թատրոնի խաղացանկում է խորեոգրաֆի բեմադրությամբ եւ Բեթհովենի սիմֆոնիաների երաժշտությամբ «Մեղապարտ կրքեր» մեկ գործողությամբ ժամանակակից ներկայացումը, որին անդրադարձել ենք 2015թ. եւ որտեղ փայլել է Մարիա Դիվանյանը:

Տեսարաններ «Եռապատում»-ից:

Պիպոյանի հետ, բացահայտեց, որ նա՝ որպես խորեոգրաֆ, առաջին անգամ ներկայացել է վրացի հանդիսատեսին: «2013թ. Վրաստանի մշակույթի նախարարությունից հրավեր ստացա աշխատանք ներկայացնել Հարավկովկասի ժամանակակից պարարվեստի միջազգային առաջին փառատոնին, որի կազմակերպիչներից էր ճանաչված խորեոգրաֆ Գեորգի Ալեքսիձեի դուստրը, ով այսօր հիմնել է ժամանակակից բալետի թատրոն՝ հավերժացնելով հոր անունը: Ինձ հատկացվել էր շուրջ 2000 ԱՄՆ դոլար, եւ ես մեր արտիստների հետ բեմադրեցի La Vita Nova ներկայացումը ամերիկացի ժամանակակից կոմպոզիտոր Ֆիլիպ Գլասի երաժշտությամբ՝ ըստ Դանթե Ալիգիերիի համանուն ստեղծագործության»,- ասաց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ 2017թ. հիմնել է «Պարարվեստի զարգացման կրթամշակութային հիմնադրամ» եւ համագործակցում է ոչ միայն վրացի կոլեգաների հետ: Ասաց, որ այս տարի հիմնադրամի հրավերով, վարպետության դասեր անցկացնելու նպատակով, առաջին անգամ Երեւան էր ժամանել գերմանացի ճանաչված խորեոգրաֆ, ժամանակակից պարի մասնագետ Յուլիա Քոդեթերը: Հավելեց նաեւ, թե իր խոսքերով՝ մտերմացել է Սերբիայում կայացած մրցույթի ժյուրիի անդամ, Ուկրաինայում ժամանակակից բալետի թատրոնի ղեկավար Ռադու Պոկլիտարուի հետ եւ մտադիր է նրան նույնպես հրավիրել Երեւան:

«Վերջերս Բեռլինում ցուցադրեցի «Բարեւ, Քիթի» ժամանակակից բալետային մոնոներկայացումը՝ հանրահայտ «Աննա Ֆրանկի օրագիրը» երկի հիման վրա, երաժշտությունն էլ հատուկ գրել էր հրեա կոմպոզիտոր Աննա Սեգալը: Այդտեղ ես հանդես եկա նաեւ իբրեւ պարուհի, իսկ բեմադրությունս լրացրեց էկրանին ցուցադրվող Դավիթ Գրիգորյանի կինոռեժիսորական աշխատանքը: Ուրախությունս մեծ էր. «Բարեւ, Քիթին» արժանացավ գերմանական լրատվամիջոցների ուշադրությանը եւ հրավիրվեց մամուլի ասուլիս, ի դեպ, միայն այս բեմադրության առիթով»,- հայտնեց արվեստագետը:
2016թ. աշնանը, մինչ Գերմանիան՝ Ռիմա Պիպոյանը Մոսկվայում մեր բալետի արտիստների մասնակցությամբ, Կոմիտասի, Եկմալյանի, Տերտերյանի երաժշտությամբ եւ իր լիբրետոյով ներկայացել է «Եռապատում» բեմադրությամբ: «Ռուսները հրավիրել էին իրենց ընտրությամբ 6 բեմադրիչների, իսկ այդ միջոցառմանը ներկա էին աշխարհի լավագույն խորեոգրաֆներ, այդ թվում՝ շվեդ լեգենդար Մաց Էկը ու նրա տիկինը՝ Աննա Լագունան, հրեա Օհադ Նահարինը եւ այլք»,- նշեց խորեոգրաֆը: Ավելի վաղ հայուհին մասնակցել է մոսկովյան «Դիանա Վիշնյովա կոնտեքստ» փառատոնին:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Ռիմա Պիպոյանը «Բարեւ, Քիթի»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սվետլանա Մարգարյան says:

    Ոչ թե Մաց Էկ, այլ Մաթս Էկ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31