Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը Aravot. am-ի հետ զրույցում պարզաբանում է վաղը՝ հուլիսի 19-ին, կայանալիք Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների և հետընտրական շրջանում կառավարության ձևավորման ընթացակարգը: Նա ասաց. «Նոր Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն՝ մեկ անգամ Ազգային ժողովը ստանում է երկրի նախագահ ընտրելու իրավունքը: Ընտրված նախագահի լիազորությունները գործելու են մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը. այս պարագայում մոտավորապես 2 տարի 7 ամիս»:
Նախարարի խոսքով` վաղը Ազգային ժողովում հրավիրվելու է հատուկ նիստ, որը կանոնակարգվում է ԱԺ-ի կանոնակարգ օրենքով՝ հիմք ընդունելով Սահմանադրությունը: Հատուկ նիստում ձևավորվելու է հաշվիչ հանձնաժողով: Այնուհետև նախ 10-ական րոպե է տրամադրվելու թեկնածուներին ներկայացնելու համար, իսկ թեկնածուներին` մինչև 1-ական ժամ՝ ելույթով հանդես գալու համար: Հետո ժամանակ է տրամադրվելու պատգամավորներին՝ ունեցած հարցերը ուղղելու թեկնածուներին և ներկայացնողներին: Վերջում եզրափակիչ ելույթի համար մինչև 15-ական րոպե դարձյալ տրամադրվելու է թեկնածուներին: Այս ամենից հետո տեղի է ունենալու փակ գաղտնի քվեարկություն: Ընտրված կհամարվի այն թեկնածուն, ով կստանա պատգամավորների ձայների 2/3 մասը:
«Ընտրված թեկնածուն իր պաշտոնը ստանձնում է գործող նախագահի լիազորությունների ավարտման օրը: Պաշտոնի ստանձնման օրվանից սկսած՝ 20 օրվա ընթացքում, նորընտիր նախագահը պետք է ձևավորի կառավարություն և հայտարարի կառավարության կազմը՝ ի տարբերության մեր նախորդ հետընտրական զարգացումների, երբ խորհրդարանը մասնակցում էր կառավարության ձևավորմանը: Կառավարության կազմավորումից հետո 20- օրյա ժամկետում նորընտիր նախագահը հրապարակում է կառավարության գործնեության ծրագիրը»,-հետընտրական ընթացակարգի վերաբերյալ մանրամասնում է արդարադատության նախարարը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ