Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսիաբնակ հայ գրող, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության և Արցախի գրողների միության անդամ, Փարիզի AYP FM հայկական ռադիոյի «Արցախապատում» և «Բաց նամակ՝ ճշմարտության պարտադրանքով» հաղորդաշարերի հեղինակ և մեկնաբան Անժելա Սահակյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում լեզվի և ինքնության պահպանությանն ուղղված գրողի հայանպաստ գործունեությունը, անդրադարձավ նրա հաղորդաշարերում Հայոց ցեղասպանության, Արցախի հերոսամարտի թեմաներին պարբերաբար անդրադառնալու անհրաժեշտությանը, հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:
Անժելա Սահակյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ ինքը ծնունդով Արցախից է, և մոտ օրերս Երևանի Գրողների միությունում և Արցախում տեղի կունենա իր հեղինակած «Ճշմարտության պարտադրանքով» գրքի ֆրանսերեն հրատարակության շնորհանդեսը: «Ցեղասպանությունը շարունակվում է Արցախում», – հավելեց նա: