Այսօր Aravot.am-ը «Ծառուկյան» խմբակցության նորընտիր պատգամավոր Շաքե Իսայանից հետաքրքրվեց՝ հանրության վստահությունը քաղաքական ուժերի նկատմամբ ինչպե՞ս պետք է բարձրացնել, որովհետեւ կոնկրետ «Ծառուկյան» դաշինքի քվեարկությունները, տարբեր հակասական գործողություններ հաշվի առնելով՝ հանրությունը այնքան էլ չի հավատում, որ «Ծառուկյան» դաշինքը ընդդիմադիր է, պայքարում է Սերժ Սարգսյանի եւ իշխանությունների դեմ:
Նա պատասխանեց. «Ծառուկյան դաշինքը անձերի դեմ չի պայքարում, պայքարում է երկրում տիրող գործընթացների, երկրի տնտեսական աճը բարձրացնելու համար, հանուն այն գործողությունների, որոնցով քաղաքացին կզգա դրական տեղաշարժ իր կյանքում, առօրյա հոգսերի թեթեւացման գործում: Գագիկ Ծառուկյյանն իր ամբողջ գործունեության ընթացքում ինչ-որ բան է արել, որից ժողովուրդը, գյուղացին, քաղաքացին կշահի, իր առօրյա հոգսը կթեթեւանա: Ինչ վերաբերում է քվեարկություններին եւ հանրության վստահությանը, ես ձեզ հետ թերեւս չեմ համաձայնի, որովհետեւ թեկուզ այն այցերը, որոնք տեղի են ունենում պատգամավորների հետ, լինում են տարբեր այցեր, միայն «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն են, որ ընտրություններից հետո այցելում են իրենց ընտրողներին եւ ոչ միայն իրենց ընտրողներին: Այցելում են մարզեր, ծանոթանում են խնդիրներին, յուրաքանչյուր օրինագծից առաջ լինում են մարզերում, տեսնում են ինչ խնդիր կա, գյուղացին ինչ խնդիր ունի: Ես ձեզ հետ մեղմ ասած համաձայն չեմ, որ «Ծառուկյան» դաշինքի հանդեպ հանրության վստահությունը մեծ չի: Ինչ վերաբերում է խորհրդարանում տեղի ունեցող քննարկումներին եւ քվեարկություններին, ապա միայն քվեարկել «դեմ», որ դու ընդդիմադիր կեցվածք ունենաս՝ ճիշտ չէ: Ե՛վ «դեմ»-ը, ե՛ւ «կողմ»-ը պետք է արդարացված լինի: Կարծում եմ, որ Ծառուկյան դաշինքի յուրաքանչյուր քվեարկություն եւ յուրաքանչյուր գործողություն հենց այս շրջանակներում է տեղի ունենում»:
Հարցին՝ ասացիք ձեզ դիմում են, նաեւ տեսնում ենք, թե Ծառուկյանին ինչպես են դիմավորում մարզերում, բայց մի բան է բարեգործությունը, գյուղացու սպասելիքները Ծառուկյանից՝ իր սերմնացուի եւ այլ խնդիրների հարցում, մի բան է քաղաքական գործունեությունը, այս առումով «Ծառուկյան» դաշինքից ի՞նչ ակնկալիք կարող են ունենալ, դաշինքի կեցվածքն անհասկանալի է, իշխանափոխությո՞ւն է ուզում, ի՞նչ է ուզում, Շաքե Իսայանը պատասխանեց. «Վստահ եմ, որ դուք ծանոթ եք մեր դաշինքի 15 առաջնային կետերին, որոնցով դաշինքն առաջարկում է երկիրը ներկայիս իրավիճակից դուրս բերելու, մեկ քայլ առաջ տանելու տարբերակը: Երբ ասում եմ, որ գյուղացիները դիմում են մեր դաշինքին, օրինակ, կոնկրետ Սեւանա լճից դուրս բաց թողնելու նախագծի հետ կապված գյուղացիները դիմել են «Ծառուկյան» դաշինքին, գյուղացիները կոնկրետ բացատրել են խնդիրը, իրենք ունեն տնտեսությունը վերանալու խնդիր, եթե հավելյալ ջուրը բաց չթողնվի, բունտ էր հասունանալու մեկ այլ տեղ: Դուք կարծում եք դա բարեգործակա՞ն, է, դա ճիշտ քաղաքական ուժի արարք է հենց՝ մինչ օրինագծին դեմ կամ կողմ քվեարկելը ծանոթանալ երկու կողմերին: Բնապահպաններն էլ են մեզ ահազանգել, ճիշտ քաղաքական ուժը հենց նման կերպ պետք է իրեն պահի»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ անձամբ դուք 2018-ին վարչապետի պաշտոնում ուզո՞ւմ եք տեսնել Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ: Պատգամավորը պատասխանեց. «Ես պարզապես զարմանում եմ՝ ինչո՞ւ է այս հարցն այսքան շատ արծարծվում, որովհետեւ 2018-ին դեռ կա բավական ժամանակ: Թույլ տվեք այս պահին զերծ մնալ որեւէ անուն հնչեցնելուց: Դեռ ունենք երկար ժամանակ, կգա ժամանակը եւ «Ծառուկյան» դաշինքը եւ անձամբ ես իմ կարծիքը կասեմ: Այսօր վաղ է խոսել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ