Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաղանիսի 54-ամյա բնակիչն այս տարի  15-20 անգամ ադրբեջանական գնդակոծության տակ է եղել

Հուլիս 18,2017 19:32

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ Բաղանիսի արոտավայրերը մեծ չեն, գյուղի վերին թաղամասի բնակիչներին պատկանող 2  նախիրը արածեցնում են  սահմանից հեռու  արոտավայրերում: Արոտավայրերի սակավության պատճառով գյուղի  ներքին թաղամասի բնակիչների  2 նախիրը արածեցնում  են Բաղանիսի հարավային մուտքի մոտ,  սահմանամերձ  տարածքներում: Դրանք մոտ են ադրբեջանական զինուժի հենակետերին,որտեղից պարբերաբար կրակում են  Բաղանիսի նախիրների եւ նախրապանների վրա: Բաղանիս գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Վաչիկ Բայրամյանն ամսական որոշակի վճարի  դիմաց արածեցնում է  համագյուղացիների  կովերը: Նրա  խոսքերով ՝ ինքը եւ իր  պահած նախիրն  այս տարի 15-20 անգամ ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության են ենթարկվել: Վերջին դեպքը մոտ 10 օր առաջ է եղել: Վաչիկն  ասաց, որ ինքը եւ համագյուղացի Լորիկ (Լեվան) Ավագյանն  անասուններն իջեցրել էին ձոր՝ կովերին ջուր  տալու,  ադրբեջանական զինուժը սկսել է կրակել: Նա հավելում է. «Բախտներս բերեց, հրաշք էր, որ այդքան գնդակներից ոչ մեկը  չկպավ, մենք եւ  կովերը  լավ պրծանք, ձորով փախանք»:  Ի դեպ, Լորիկ Ավագյանը  2000-ական թվականների սկզբին այդ տարածքում անասուններ  պահելիս ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել է:

Ամեն օր ադրբեջանական դիրքերից ուղիղ գծով 300 մ հեռավորությամբ կովեր պահող Վաչիկն ասաց, որ  ադրբեջանցիների գնդակոծություներից հետո  մեր զինուժը պատասխան կրակ է բացում, սակայն ադրբեջանական զինուժն  այդտեղ  ամրացված հենակետեր՝ դզոտներ  է կառուցել, ազերի զինյալներն  այնտեղից են կրակում բաց տարածքում գտնվող  հայ  գյուղացիների վրա:

2017թ փետրվարի 25-ին ադրբեջանական զինուժն այդ տարածքում  կրակ է բացել  սահմանագոտում արածող Բաղանիսի  նախիրի վրա:   Վիրավորվել է Բաղանիսի  բնակիչներ Անուշավան Ավագյանի և Գրիշա Ղուզանյանի մեկական կովը:
2015թ.  հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով սահմանամերձ այդ  տեղանքում  զոհվել է այդ տարածքում անասուններ արածեցնող, սահմանամերձ  Ոսկեվան գյուղի  79-ամյա բնակիչ Սերյոժա  Սարգսյանը:

Վաչիկ Բայրամյանի վկայությամբ՝  նախկինում այդտեղ արածում էին նաեւ Ոսկեվանի բնակիչների  կովերը: Սերյոժա Սարգսյանի սպանությունից հետո Ոսկեվանի  ներքին թաղի բնակիչներն  իրենց ոչխարները եւ կովերի մեծ մասը ծախել են, գյուղի  այդ թաղամասի բնակիչների պատկանող մնացած 25 կովերն այժմ  արածեցնում են ադրբեջանական գնդակոծությունից համեմատաբար ապահով արոտավայրերում: Վաչիկն  ասաց, որ ադրբեջանական գնդակոծությունների ժամանակ ինքը  թաքնվել է խոշոր  քարերի հետեւում, ձորի մեջ.մի անգամ էլ կրակի տակ 50 մետր փորսող  է հեռացել  կրակի գոտուց:

Վ. Բայրամյանի խոսերով՝ եթե այս տարին անփորձանք եւ  առանց կովերի կորուստների անցնի, ինքը «մաղարիչ»  է անելու, քեֆին հրավիրելով նաեւ տողերիս հեղինակին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31