Հուլիսի 18-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրականացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներին։
Այս համատեքստում Կարեն Միրզոյանն ընդգծել է շփման գծում կայունության ապահովման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկման, մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործման անհրաժեշտությունը։
Արցախի արտաքին գործերի նախարարություն