Լրահոս
Օրվա լրահոսը

«Երախտապարտ ենք, երջանկությունից ուզում եմ շապիկս պատռեմ». Դ. Իոաննիսյանը հեգնում է ներողամիտ տնօրեններին

Հուլիս 18,2017 18:55

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում էին դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ ներկայացրած  հայցերը: Այսօր էլ հայցվոր տնօրենները չէին ներկայացել դատարան, միայն գրություն էին ուղարկել՝ խնդրելով կարճել գործի վարույթը:

Հիշեցնենք, որ 30 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ դատի էին տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը եւ վերջինիս համակարգող Դանիել Իոաննիսյանին՝ «ՀՀԿ-ն չարաշահում է  վարչական ռեսուրսը դպրոցներում եւ մանկապարտեզներում» վերտառությամբ աղմկահարույց հրապարակման եւ ձայնագրությունների համար՝ համարելով, որ կազմակերպությունը զրպարտել է իրենց:

Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տնօրենների՝ իրենց փաստաբանի միջոցով արտահայտած պնդմանը,  թե իրենք որոշել են ներողամիտ լինել եւ հետ վերցնել հայցադիմումները, «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանն այսպես արձագանքեց. «Կոլեկտիվ բարիության նոպա է… ինչ ասե՞մ՝ ինչպես կոլեկտիվ՝ «իրարից անկախ» որոշել էին հայց ներկայացնել մեր դեմ, ընդ որում՝ «պատահաբար» ստացվել էր, որ նույնաբովանդակ հայցեր էին ներկայացրել՝ նույն փաստաբանական գրասենյակի միջոցով, այնպես էլ «իրարից անկախ» որոշել են, որ պետք է մեզ՝ «մեղսավորներիս», ներեն»:

Ապա նա հեգնեց. «Չափազանց երախտապարտ ենք, երջանկությունից ուզում եմ շապիկս պատռել»:

Դանիել Իոաննիսյանի բնորոշմամբ՝ հայցադիմումներից հրաժարվելը կուսակցական որոշում է. «Այն ժամանակ էլ Արմեն Աշոտյանը չէր թաքցնում, որ ինքն է կանգնած մեզ դատի տալու նախաձեռնության հետեւում: Բայց նրանք հասցրին հասկանալ, որ դա չափազանց վատ նախաձեռնություն է, որն ավարտվեց ոչ թե մեզ պատժելով, այլ իրենց գլխացավանք պատճառելով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31