Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարկոծություն էր…ոստիկաններից մեկը գլխի վնասվածք ստացավ». վկա ոստիկանը՝ Սարի թաղի միջադեպի մասին

Հուլիս 18,2017 17:30

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր «Սարի թաղի գործի» քննությունը:

Հիշեցնենք, որ Սարի թաղի բնակիչներ Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին եւ Ժորա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության ծառայողների հանդեպ բռնություն գործադրելու համար: Նախորդ տարի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին, երբ ոստիկանությունը փակել էր սարի Թաղից Խորենացի փողոց տանող ճանապարհը, բախում էր տեղի ունեցել նրանց եւ քաղաքացիների միջեւ:

Այսօր ցուցմունք տված ոստիկանության ծառայող, ավագ տեսուչ Հովհաննես Ալեքսանյանը պատմեց, որ այդ օրը ծառայություն են իրականացրել Սարի թաղում եւ ըստ հրահանգի՝ փակել նշյալ փողոցն ավտոմեքենաների եւ հետիոտների համար, որպեսզի ներքեւ չիջնեն, սակայն քաղաքացիները պահանջել են բացել ճանապարհը, քանի որ չեն կարողանում տեղաշարժվել, անգամ՝ հիվանդին բուժհաստատություն հասցնել:

Դատախազի հարցերին ի պատասխան՝ նա հայտնեց, որ եղել է ոստիկանական համազգեստով, ծառայակիցները՝ եւս: «Մեզ ասել էին՝ ոչ մեկը չանցնի: Ժողովուրդը չպետք է իջներ ներքեւ: ՊՊԾ գունդը մոտ 300 մետրի վրա էր, այդ ճանապարհով կարելի էր հասնել այնտեղ»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը:

Դատախազը հետաքրքրվեց՝ քաղաքացիներն ալկոհոլ օգտագործե՞լ էին: «Բնականաբար, օգտագործած վիճակում կլինեին»,-պատասխանեց նա, ապա ավելացրեց՝ «հնարավոր է»: Հետո վկան հստակեցրեց՝ ապացույց չունի, որ քաղաքացիներն ալկոհոլ են օգտագործած եղել:

Վկա ոստիկանի խոսքով՝ քաղաքացիները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ. «Քարկոծություն էր: Ես չեմ տեսել, որ ձեռքով-ոտքով հարվածեն»: Ես չեմ վնասվել, ոստիկաններից մեկը քարի հարվածից գլխի վնասվածք է ստացել: Ոստիկանական մեքենայի վրա էլ են քարեր նետել»:

Դատախազի հարցին ի պատասխան, թե ոստիկանները զինվա՞ծ էին, վկան պատասխանեց. «հնարավոր է՝ ատրճանակ ունենային»: Դատախազի միջնորդությամբ հրապարակվեց ոստիկանի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ քաղաքացիները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, ձեռքերով եւ ոտքերով հարվածել են ոստիկաններին:

Այլ մանրամասները՝ առաջիկայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31