Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է արվել և ի՞նչ կարելի է անել Ցախաց քարի վանական համալիրի համար. պատգամավորի հնչեցրած հարցի հետքերով

Հուլիս 18,2017 17:24

ՀՀ մշակույթի նախարարությունը 2008-2012թթ. պետական միջոցներով ( մոտ 100 մլն դրամ) վերականգնել է Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքում գտնվող Ցախաց քար վանական համալիրի Ս.Նշան և Ս. Կարապետ եկեղեցիները, կառուցել ջրահեռացման հենապատ և բետոնաքարե արահետներ։ Նախագծա-նախահաշվային փաստաթղթեր են կազմվել համալիրի մյուս հուշարձանախմբի վերականգնման համար։

Նախարարության պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի գլխավորած մասնագիտական խումբը նախորդ շաբաթ Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ եղավ տեղում՝ ուսումնասիրելու արվածն ու անելիքը։

Հարցը հուլիսի սկզբին նախարարի առջև բարձրացրել էր Արտաբույնքից ( նախկինում՝ Եղեգիս) պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ Խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի և կառավարության համատեղ նիստում։

Նախարարն Արմեն Աբրոյանին հանձնարարել էր համալիր այցելել պատգամավորի և համայնքի ղեկավարի հետ։

Աբրոյանը նախարարին փոխանցեց, որ պատգամավոր Բագրատյանի դժգոհության հիմնական երեք հարց է քննարկման առնվել տեղում ՝ համալիր տանող ճանապարհի բացակայություն, համալիրի վերականգնված հուշարձանախմբում՝ «կոպիտ» աշխատանք, չվերականգնված հուշարձանախումբ։ Գործակալության պետը նախարարին զեկուցեց այս երեք հարցերով ուսումնասիրության արդյունքը։

Ճանապարհի կառուցում. սա մշակույթի նախարարության գործառույթներից չէ։ Ամեն դեպքում, 2008թ. նաև ճանապարհի նախագիծն է կազմվել, որը ցանկացած պահի կտրամադրվի՝ եթե անհրաժեշտ ֆինանսավորում գտնվի շինարարության համար։ Պատգամավոր Բագրատյանն իր միջոցներով տեխնիկա է փոխադրել, լայնացրել և մասամբ կանոնակարգել ճանապարհի հատվածը։

Վերականգնված հուշարձանախմբի «կոպիտ» աշխատանք. «Մասնագիտորեն փորձել եմ բացատրել, որ արդարացված է մեթոդապես փոքր-ինչ տարբերակումը, որպեսզի պահպանվի վերականգնման շերտագրությունը։ Որակի ոչ մեծ խնդիրներ կային, որոնք, ամեն դեպքում, հուշարձանն աղճատող որևէ հետևանք չեն ունեցել»,-ասաց Աբրոյանը։

Չվերականգնված հուշարձանախումբ. «Այդ խումբն էլ ամբողջովին վերականգնելու նախագիծը կա։ Սակայն նման ֆինանսական միջոցներ չունենալու պարագայում ( վերականգնման աշխատանքի մեր ամբողջ տարվա բյուջեն անգամ չի բավարարի ) առաջարկում ենք և պատրաստ ենք լրամշակել այն ու դարձնել ամրակայման նախագիծ։ Պահանջվող գումարը կարելի է հայթայթել մասնավոր ներդրումների միջոցով։ Գուցե համայնքն այդ նպատակով հիմնադրա՞մ ստեղծի։ Կամ գուցե հնարավոր բարերարներին առաջարկվի փոքր-փոքր ներդրումներով լուծել որևէ առանձին դրվագ վերանորոգելու հարցը. օրինակ, եկեղեցիներից մեկի դուռը»։

Արմեն Աբրոյանի առաջարկն է՝ վերականգնված երկու եկեղեցիները հանձնել Մայր աթոռ Ս.Էջմիածնի օգտագործմանը, իսկ երրորդը պահպանել որպես մշակութային արժեք, որի վերին հատվածներում ( ամրակայումից հետո, հնագիտական շերտերն ապահով պահելով) արշավականները կարող են անգամ վրաններ խփել։

Նախարար Արմեն Ամիրյանը գործուղման արդյունքից գոհ է, առաջարկները համարեց ընդունելի։

ՀՀ մշակույթի նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31