Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՊԾ-ն Վանաձորում ադրբեջանական արտադրության կոնֆետներ չի հայտնաբերել

Հուլիս 18,2017 16:13

Օրերս Aravot.am կայքում անդրադարձել էինք, որ Վանաձորում վաճառվում են ադրբեջանական արտադրության կոնֆետներ:

Սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նուարդ Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեսչության աշխատակիցներն ահազանգից անմիջապես հետո «Լաչինի միջանցք» կոչվող տարածքում, որտեղ վաճառվել են կոնֆետները, շրջայց են իրականացրել, սակայն ոչինչ չեն հայտնաբերել:

Մեկ շաբաթ անց կրկին փորձեցինք պարզաբանում ստանալ: ՍԱՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը հաստատեց, որ իրենց աշխատակիցները ոչինչ չեն հայտնաբերել. «Տեսուչները շրջայցի գնացել են ահազանգից կես ժամ անց: Ոչ միայն այդ խանութն են գնացել, այլ տարբեր խանութներ եւ շուկա, ուսումնասիրություն կատարել, բայց իրականում այդպիսի կոնֆետներ չեն հայտնաբերվել: Երեւի պատահմամբ ինչ-որ քանակի է եղել, որն արդեն սպառվել է: Ամեն դեպքում ոչինչ չի հայտնաբերվել»:

Անուշ Հարությունյանն ասում է, որ դեպքից հետո զգուշացում տրվել է՝ անպայման ստուգել ապրանքի ծագման երկիրը. «Ե՛վ իրացնողներին, եւ՛ ներմուծողները զգուշացվել են, որպեսզի ավելի զգոն լինեն եւ ծագման երկիրը ստուգեն, անհրաժեշտ փաստաթղթերը պահանջեն, որպեսզի այսպիսի խնդիրների առաջ չկանգնենք: Եվ հիշեցնում ենք, որ հայտնաբերելու դեպքում, նախ ինչ-որ գործողություններ ծավալելը, առաջին հերթին մեր թեժ գծին զանգահարեն, որպեսզի մենք կարողանանք անմիջապես գործողություն ծավալենք եւ հայտնաբերենք աղբյուրը, թե դա որտեղից է հայտնվում իրացման ցանցերում: Եվ փորձենք խնդիրը լուծենք հիմքից»:

Բաժնի պետն ասում է, որ Վանաձորից ադրբեջանական արտադրության կոնֆետների վաճառքի մասին երբեւէ ահազանգ չեն ստացել: Այս դեպքի մասին էլ իրենք տեղեկացել են ֆեյսբուքյան հարթակից, կրկին իրենց թեժ գծին ահազանգ չի եղել: Անուշ Հարությունյանը վստահեցնում է, որ իրենց աշխատակիցները պարբերաբար շրջայցեր իրականացնում են:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Նարինե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31