Լենինականի նախկին միլպետ, ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարար Լեւոն Գալստյանը՝ Լյովա պետը (նա այժմ «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահն է) Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանապետերից շատերի չճանաչված լինելու փաստին, ասաց․ «Քաղաքացին ոստիկանապետին անպայման պիտի ճանաչի, ոստիկանապետը պիտի քաղաքում ոտքով ման գա։ Հիմա ճիշտ է մեքենայի դար է, բոլորը մեքենաներ ունեն, բայց ժողովրդի հետ պիտի շփվեն, գիտենան ժողովրդի հոգսերը, դարդ ու ցավերը, որտեղ են հավաքվում, ինչու են հավաքվում, ինչու են կրակում, սրճարաններում, ռեստորաններում ծառայություներ կա՞ն, չկա՞ն։ Ես հիմա դժվարանում եմ ասել, գուցե կա էդ բոլորը, գուցե թերացումներն էդքան շատ չեն կամ գուցե սա այն սերունդը չէ, ինչ-որ մեր սերունդն էր։
Օրինակ՝ ինձ Լենինականում ճանաչել են ոչ միայն որպես ոստիկանապետի, այլ որպես մարդու, որպես այդ քաղաքի քաղաքացու, որի համար թանկ է եղել բոլոր քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը։ Ինձ համար թանկ է եղել յուրաքանչյուր քաղաքացու ունեցվածքը, և երբ որ ես իմ տղաներին ասում էի՝ գիտեք ինչ, դուք գողությունը կբացահայտեք էն դեպքում, երբ որ հասկանաք, որ ձեր տանից են գողացել, բռնաբարությունը կբացահայտեք այն դեպքում, երբ որ գիտենաք՝ բռնաբարել են ձեր քրոջը, ձեր բարեկամին։ Ես ասում էի սպանությունը կբացահայտեք այն դեպքում, երբ որ գիտենաք, ընկալեք, որ սպանել են ձեր հարազատին։
Ես չգիտեմ հիմա ցուցանիշներն ինչպես են, թվերն ինչու են աճում․․․Այն ժամանակ ասում էին՝ դուք թաքցնում եք, ի՞նչն էինք թաքցնում, ի՞նչ կար թաքցնելու, էն ժամանակ էդքան հարուստներ չկային, ինչքան որ հիմա և գողություններն էլ էն աստիճան էին, որ երբեմն նույնիսկ ծիծաղ էին առաջացնում։ Համենայնդեպս կան թվեր, եղել է խորհրդային միլիցիա, որի ժառանգորդն էսօր անկախ Հայաստանի ոստիկանությունն է։ Եվ ես ուզում եմ, որ էդ ոստիկանությունն ավելի շատ հաջողություններ ունենա, քան թե մենք ենք ունեցել։
Բայց մի բան թող գիտենան, որ ժողովուրդը մեզ կոչումներ է տվել, գեներալներ չենք դարձել, ժողովուրդն է մեզ կոչումեր տվել՝ Ստյոպա պետ, Յասո պետ և դրա մեջ ժողովուրդը ներարկել է իր ամբողջ սերն ու հիացմունքը, իր ամբողջ հարգանքը, և այդ հարգանքը ոչ միայն այդ անձի, այլ իր ղեկավարած ստորաբաժանման նկատմամբ էր։ Հիմա ես չգիտեմ, կա՞ն ժողովրդի կոչմանն արժանացած պետեր»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ