Գյումրու ծննդատան տնօրենը պատասխան նամակ է գրել առողջապահության նախարարության մամլո քարտուղար Անահիտ Հայթայանին
Հարգելի Հայթայան
Ձեր պատասխանը «Առավոտ» թերթի թղթակցին միայն լավագույն ցանկություններն են, քանզի Ավստրիական հիվանդանոցում բաժանմունք բացելիս դարձյալ կար լավագույն ցանկություններ` բժիշկների վերապատրաստումներ Ավստրիայում, ծննդօգնության նորագույն տեխնոլոգիաների ներդրում Շիրակի մարզում և այլն:
Սակայն սրանցից որևէ մեկը չիրականացվեց այս 5 տարիների ընթացքում:
Բաժանմունքը բացելիս առաջարկվեց մասնագետների, հատկապես մանկաբարձուհիներին ընտրել ծննդատան աշխատակիցներից, քանի որ ծննդատան գլոբալ բյուջեն կիսվեց և այն հատկացվեց այս բաժանմունքին: Սակայն ձայն բարբառո անապատի և ոչ մի աշխատակցի չտեղավորեցին նոր բացվող բաժանմունքում: Ծննդատունը ունեցավ հաստիքների գերհագեցվածություն և միաժամանակ կրճատումներ չկատարելու մարզպետարանի հանձնարարությունը: Որևէ լուրջ ներդրում (ֆինանսական, վերանորոգման, բուժսարքավորումների թարմացում) չի իրականացվել Գյումրու ծննդատանը, մինչդեռ Ավստրիական հիվանդանոցի բաժանմունքի ստեղծման համար ծախսվել է աստղաբաշխական գումարներ:
Ինչ մնում է Ձեր կարծիքով նախարարության օպտիմալ որոշմանը, ապա կասենք, որ նման ձևով դա ոչ թե օպտիմալացում է այլ մարզի ծննդօգնության գլխատում իր հետագա բոլոր բարդություններով:
Այն խոստումը, թե բոլոր աշխատակիցներին կապահովվեն նոր աշխատանքով, դա միայն կմնա բարի ցանկություններ, քանզի չկա անաշխատունակ քաղաքում որևէ բուժաշխատողի կարիք (բարձր որակավորում ունեցող բուժ անձնակազմը կհամալրի գործազուրկների բանակը):
Պարադոքս է` ավելի բարձր որակական ցուցանիշներ և մահճակալային զբաղվածության բարձր տոկոս ունեցող ծննդատունը, որտեղ և չի գրանցվել ոչ մի մայրական մահացության, ներհիվանդանոցային վարակի բռնկման դեպք, պետք է լուծարվի, որպեսզի մի փոքր բաժանմունք ապահովի ավելի բարձր ցուցանիշներ:
Ծանոթություն՝ մարզի ողջ կտրվածքով բարդ, բարդացած բոլոր հղիները, ծննդաբերները ուղեգրվում են Գյումրու ծննդատուն:
Տնօրեն Վ.Սարգսյան