«Իմ նկատմամբ քրեական գործը պետք է դադարեցվի, ես կհամաձայնեմ բարիշել նրանց հետ, եթե հրապարակային ներողություն խնդրեն: Իմ պայմանը սա է: Հակառակ պարագայում՝ ես գնալու եմ մինչև վերջ: Ես թքած ունեմ նման արդարադատության վրա, եթե որոշեն, որ ես մեղավոր եմ: Ես մինչև վերջ գնալու եմ, թեև գիտակցում եմ, որ կարող եմ անգամ արտոնագրից զրկվել կամ դատապարտվել, բայց դա ինձ չի վախեցնում: Նորից եմ կրկնում՝ կամ այս գործը կկարճվի արդարացման հիմքով, կամ ես կգնամ մինչև վերջ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Իր այս պահանջը փաստաբանը ներկայացրել է նաեւ հակառակորդ կողմին: Իր պահանջները մերժվում են:
Հիշեցնենք, որ ոստիկանությունում 2017 թվականի ապրիլի 27-ին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով: Նույն օրը հաղորդումներ էին ներկայացրել երեք փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանը և նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանը, Վրեժ Խաչիկյանը, որ մարմնական վնասվածքները ստացել են ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակցել է նաև Գևորգ Մկրտչյանը: Այդ հաղորդումների հիման վրա ևս մեկ քրեական գործ էր հարուցվել նույն հոդվածով:
Տիգրան Աթանեսյանն ասում է`եթե իր դեմ հարուցված քրեական գործը չկարճվի, այս գործը լինելու է «ոսկոր`իշխանության կոկորդին», ինքն էլ տալու է շատ հայտնի պաշտոնյաների անուններ: Այս ամենը փաստաբանը համարում է «ծաղր` քաղաքակրթության նկատմամբ»:
Արմեն Սողոմոնյանն էլ հավելեց, «Եթե իրականում նախահարձակ լինեի, շան ծեծ կտայի նրանց` ի՞նչ մեղադրանք էլ առաջադրեին, հպարտ կկրեի պատիժը, ոչ թե իրանց նման ղզիկի նման ինքնավնասվածքներ կհասցնեի ու կփախնեի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ