Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ Մեծն լոռեցու ծննդավայրում բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների սիմպոզիում: Թվով 12 երիտասարդ քանդակագործներ՝ Հայաստանից եւ Արցախից մասնակցում են սիմպոզիումին: Նրանք քանդակում են Թումանյանի հերոսներին՝ իրենց պատկերացումներով:
Գեւորգ Մնացականյանն, օրինակ` որոշել է ստեղծել «Խոսող ձուկը» հեքիաթի քանդակը: Ասում է մինչ այժմ աշխատում էր խաչքարերի վրա, սակայն այս առաջարկն ավելի հոգեհարազատ է եղել, եւ որոշել է մասնակցել:
«Սա այնքան գրավիչ առաջարկ էր, որ մերժել չէր լինի, բաց թողել ու չմասնակցել: Ես շատ շնորհակալ եմ, որ երիտասարդների համար նման հնարավորություն ստեղծվեց: Այս հեքիաթը լավության մասին է, եւ ինձ շատ է դուր գալիս: Փորձեցի իմ պատկերացումներով հեքիաթը ներկայացնեմ քանդակի տեսքով»,- ասում է Գեւորգը:
Երիտասարդ քանդակագործ Վահե Մնացականյանն էլ քանդակագործությամբ սկսել է զբաղվել դեռ փոքր տարիքից: Ասում է՝ մասնակցել է մի շարք սիմպոզիումների: Իսկ այս սիմպոզիումին առավել մեծ կարեւորություն է տալիս. «Մենք շփվում ենք տարբեր քանդակագործների հետ, հետո մեկս մյուսից ինչ-որ բան ենք սովորում: Հետո այս կոլորիտը, որ մենք բոլորս միասին ապրեցինք, շատ հետաքրքիր էր: Եվ բացմանն ենք սպասում, որ վերջում տեսնենք մեր ստեղծածի արդյունքը»:
Վահեի համար առավել հոգեհարազատ է Անուշի կերպարը: Ասում է՝ հերոսուհուն փորձել է ներկայացնել իր ներքին հոգեկան ապրումների հետ միասին. «Քանդակը պետք է տեղադրվի գյուղի կենտրոնում: Անուշի ձեռքի երկրորդ կուժը, որ քանդակված է, այնտեղից պետք է ջուր գնա եւ շատրվան պետք է դառնա: Իսկ երկրորդ կուժն ինքը բռնած է մատների ծայրերով, ես դրանով փորձել եմ ցույց տալ կժի դատարկ վիճակը: Նաեւ փորձել եմ արտահայտել իր տխրությունը, սիրավեպը, ամեն ինչ»:
Երիտասարդ քանդակագործների աշխատանքների սիմպոզիումը մեկնարկել է հունիսի 26-ին եւ կտեւի մեկ ամիս:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ