Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի գերօգտագործումը հանգեցրել է հողերի էրոզիայի, նաեւ հարակից մի շարք համայնքներ մնացել են առանց արտեզյան ջրի: Արտեզյան ջրաշերտի կտրուկ նվազումը վկայում է այն մասին, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի արտահոսքը գերազանցում է դրանց վերականգնումը: Այսօր այսպիսի մտահոգություններ հնչեցին «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի մեկնարկի ժամանակ, որի ընթացքում Արարատյան դաշտի 12 համայնքների հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: Վեդի, Փոքր Վեդի, Բերքանուշ, Այգավան, Ակնալիճ, Եղեգնուտ եւ մի շարք այլ համայնքներ ընտրվել են, որպեսզի ջրային ռեսուրսների մասնակցային կառավարման արդյունքում վերականգնեն իրենց համայնքների ջրային պաշարները:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի տվյալներով, օրենքի համաձայն՝ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի վերականգնվող պաշարները 1,1 մլրդ խմ է, այսօր օգտագործվում է 1 մլդ 670 մլն խմ: Նախարարի խոսքով՝ ճիշտ է, սա անցյալ տարվա սեպտեմբերի տվյալներն են եւ կառավարությունն արդեն մի շարք գործողություններ է սկսել, այդուհանդերձ, այդ խնդիրը Արարատյան դաշտավայրում կա: Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ դրանից 810 մլն խմ-ն ձկնաբուծարանների համար օգտագործվող ստորգետնյա ջրերն են. «Սա մեր գլխավոր խնդիրներից մեկն է, առնվազն կիսով չափ այն պետք է նվազեցվի եւ արդյունավետ օգտագործման համակարգ ներդրվի»:
Aravot.am-ի հարցին՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը անխնա օգտագործելու հետեւանքով որքա՞ն վնաս է հասցվել պետությանը, պարոն Մինասյանը թիվ չնշեց, միայն ասաց, որ Արարատյան դաշտավայրում մի շարք ուղղություններով բացասական գնահատումներ ունեն՝ թե հողերի էրոզիայի, թե դրանց քայքայման հետեւանքի, թե կենսաբազմազանության խաթարման:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սեւանա լճից էլ ջուր վերցնելու առնչությամբ էլ Արծվիկ Մինասյանն ասաց. «Որպես բնապահպանության նախարարություն մենք չէինք կարող Սեւանից ջրառի վերաբերյալ ազդեցության տեսակետից չարձանագրել, որ այն կարող է ունենալ բացասական ազդեցություն: Սա եղել է, կա եւ մնալու է: Այլ բան է, որ այսօրվա գործող օրենսդրությամբ թույլատրվում է ջրառ իրականացնել»: Նախարարի մեկնաբանությունները առավել մանրամասն՝ տեսանյութում:
Միջոցառմանը ներկա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ այս ծրագիրը համայնքների առաջնորդների ջանքերով պիտի իրականացվեն, որը ցույց կտա, թե ինչպես ՀՀ քաղաքացին կարող է մասնակցել ջրային ռեսուրսների կառավարմանը:
Արծվիկ Մինասյանն էլ դեսպանին խոստացավ ստեղծել իրական կառավարելի միջավայր, որտեղ այսուհետ առանձին սուբյեկտների արտոնություն չի տրվի:
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ