Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է կտրուկ ավելացել ներմուծումը Թուրքիայից. «Հայոց Աշխարհ»

Հուլիս 18,2017 12:40

Մինչ կառավարությունը հայտարարել է տեղական արտադրության ապրանքներով ներմուծման փոխարինման քաղաքականություն իրականացնելու մասին, ներկրումներն արագ տեմպերով վերականգնվում են։ Ընդ որում՝ նաեւ այն երկրներից, որոնց արտադրանքի նկատմամբ Հայաստանը տարիներ շարունակ մտադիր է եղել հատուկ վերաբերմունք դրսեւորել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Թուրքիային։

Չնայած մշտապես հայտարարվել է թուրքական ապրանքների մուտքը սահմանափակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին, այնուհանդերձ վիճակը շարունակել է մնալ նույնը։ Ավելին՝ վերջին շրջանում թուրքական ներկրումները դարձյալ արագորեն վերականգնվում են։

Վիճակագրական ծառայության տվյալներով, տարեսկզբի հինգ ամիսներին այս երկրից գրեթե 70 տոկոսով ավել ապրանք է մատակարարվել։ Գումարային առումով այն հասնում է շուրջ 84 մլն դոլարի, ինչը 35 միլիոնով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը։ Սա նշանակում է, որ Հայաստանը այդքանով ավելացրել է թուրքական տնտեսության ֆինանսավորումը։ Այս տեմպով շարունակվելու դեպքում ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ լրիվորեն կվերականգնվեն ներմուծումների նախկին ծավալները, որոնք հասնում էին տարեկան 200 մլն դոլարի։

Ակնհայտ է, որ Հայաստանին առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում փոխարինող գտնել թուրքական ապրանքի համար։ Արդյունք չեն տալիս նաեւ դրանք տեղական արտադրանքով լրացնելու քայլերը, եթե, իհարկե, այդպիսիք արվում են։

Չնայած ամիսներ առաջ կառավարությունը հայտարարեց ներմուծման փոխարինման ուղղությամբ աշխատանքներ տանելու մասին, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը հանձնարարվեց հստակ քայլեր մշակել այդ ուղղությամբ, այնուհանդերձ արդյունքները տեսանելի չեն։ Հայտնի չէ նաեւ, թե ընդհանրապես ինչ է արվել այս ընթացքում։

Հասկանալի է, որ միանգամից անհնար է շրջել տարիներ շարունակ ձեւավորված կացությունը։ Դրա համար անհրաժեշտ է կազմակերպել փոխարինող ապրանքների արտադրություն, ինչը ժամանակ է պահանջում։ Բայց խնդիրն այն է, որ այս ընթացքում հայտնի չէ որեւէ նախաձեռնություն, որն ուղղված է թուրքական գոնե մեկ ապրանքատեսակի ներմուծման սահմանափակման դեմ։ Պատահական չէ, որ այս երկրից ներկրումներն առանց որեւէ արգելքի արագորեն հոսում են Հայաստան։

Ցածր գնի պատճառով թուրքական ապրանքը լայն պահանջարկ ունի Հայաստանում։ Քանի դեռ այն համարժեք բավարարում չի ստացել, բնականաբար անիմաստ կլինի մտածել ներմուծման կրճատման մասին։ Առավել եւս, որ կառավարությունը մտադիր չէ դա անել վարչական մեխանիզմների կիրառմամբ։

Թեպետ նման հնարավորություն նաեւ չկա։ Լինելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ՝ Հայաստանը ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնք թույլ չեն տալիս վարչական մեխանիզմներ կիրառել որեւէ այլ երկրի, այդ թվում՝ թուրքական ապրանքների նկատմամբ։ Մինչդեռ Թուրքիան ունի նման արգելանքի հնարավորություն, ինչը կիրառում է նաեւ հայկական ապրանքների նկատմամբ։

Պատահական չէ, որ Հայաստանից այս երկիր ներմուծումները ոչ միայն չափազանց քիչ են, այլեւ տարիներ շարունակ տատանվում են ընդամենը 1¬2 մլն դոլարի սահմաններում։ Խոսքը հատուկենտ ապրանքների մասին է, ի տարբերություն թուրքական մեծ տեսականու։

Թուրքիայի կիրառած վարչական լծակների փոխարեն կառավարությունը մտադիր է ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինել տնտեսական մեխանիզմների միջոցով։ Նման հնարավորություն գուցե թե կա, բայց տեղաշարժ՝ ոչ։

Ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանը նվազեցրել է առեւտրային հարաբերությունները մյուս երկու հարեւանների հետ։ Խոսքը ինչպես Իրանի, այնպես էլ Վրաստանի մասին է։ Դա հատկապես նկատելի է Իրանի դեպքում։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31