Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո տեսակետ էինք հայտնել, թե արդյոք Մոսկվան կսպասի՞, որ նրանք սեպտեմբերին հանդիպեն Նյու Յորքում, թե՝ մինչ այդ քայլեր կձեռնարկի, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ինքը կազմակերպի, ինչպես որ դա սովորաբար արել է վերջին մի քանի տարում։ «Իզվեստիայի» միջոցով ՌԴ ԱԳՆ կազմակերպած արտահոսքը գալիս է ցրելու բոլոր կասկածները, եթե Սարգսյան-Ալիեւ հանդիպում տեղի ունենա, ապա՝ միայն ՌԴ նախագահ Պուտինի հովանու ներքո։
Կարելի է ենթադրել, թե ինչ մտադրությամբ է Ռուսաստանն աշխատում հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Դա բոլորովին էլ օրակարգի այն պատկերացումը չէ, ինչի մասին հաճախ են խոսում հայ փորձագիտական շրջանակները։ Հայ-ադրբեջանական երկխոսությունը Ռուսաստանին պետք է, որպեսզի Հարավային Կովկասի իրավիճակը կառավարի։ Թերեւս նույնն է նաեւ ԱՍՆ-ի եւ Ֆրանսիայի ցանկությունը, բայց, ինչպես ՌԴ ԱԳՆ աղբյուրն է ասել, «նրանց մոտ ոչինչ չի ստացվում»։
Բայց ուշադրություն է հայցում մեկ այլ հանգամանք. «Իզվեստիան» իր «բացահայտումներն» արել է «Արմենիայով» նախագահ Սարգսյանի հարցազրույցը եթեր հեռարձակվելուց հետո։ Եվ, ինչպես ասացինք, Սարգսյան-Ալիեւ հանդիպման միջնորդության այլ պատկեր է ներկայացրել։ Պետք է մեծ ցանկություն ունենալ, որպեսզի դա պատահական զուգադիպություն համարվի։ Տպավորություն է, որ ՌԴ ԱԳՆ-ում վերջին պահին արտահոսք են կազմակերպել՝ պահելու կայուն տպավորություն, որ ԼՂ կարգավորման բոլոր բանալիներն են Մոսկվայում։
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում