Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետության եւ ժողովրդի դեմ ուղղված հանցագործությունը փորձ է արվում ներկայացնել որպես… բարեգործություն. «Հրապարակ»

Հուլիս 18,2017 11:44

«Ապստամբության» մեկամյակի առթիվ «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարություն է տարածել, որի առաջին նախադասությունը կարդալուց հետո կարելի է այլեւս չշարունակել. «Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» ռազմաքաղաքական խմբավորումը 1921թ.-ից ի վեր առաջին անգամ զինված ապստամբություն կատարեց թրքաբոլշեւիկյան համակարգի դեմ»։ Արդեն քիչ են կասկածները, որ 1921թ.-ին ոչ թե ապստամբություն է տեղի ունեցել, այլ խռովություն, որի նպատակը մեկն էր՝ բանտից ազատել որոշակի անձանց, տիրանալ երկրում մնացած հարստությանը եւ հեռանալ արտասահման։

Իրենց քայլը համեմատելով «Փրկության կոմիտեի» գրեթե մեկդարյա վաղեմության փորձի հետ, «ռազմաքաղաքական խմբավորումն» ակամայից խոստովանում է, թե իրականում ինչ նպատակ է ունեցել։ Այդ մասին նրանք նույն օրն էլ հայտարարել են՝ ՊՊԾ գնդի տարածք բերել Ժիրայր Սեֆիլյանին, որպեսզի նա «բանակցի իշխանությունների հետ», իսկ «ռուսական գաղութատիրությունից ազատվելու» մասին խումբը հայտարարել է «ապստամբությունից» երկու շաբաթ հետո, երբ հասկացել է, որ ամեն ինչ ձախողված է, մնում է «փրկել պատիվը»։

Նույնը «Փրկության կոմիտեն» է արել՝ արդեն գտնվելով արտասահմանում, հնարել է «կեղեքված ժողովրդի ինքնաբուխ պոռթկման» առասպելը, որպեսզի արդարացնի հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ գործած վերջին թշնամությունը:

Մնացածը, ինչ որ նրանք գրել են որպես «ծրագիր», միայն բառակույտ է, որի ուշադիր ընթերցումը հուշում է, որ գործ ունենք եզակի խարդախամտության հետ։ Այլ գնահատական հնարավոր չէ տալ, երբ փաստացի պետության եւ ժողովրդի դեմ ուղղված հանցագործությունը փորձ է արվում ներկայացնել որպես… բարեգործություն, ինչի համար սերունդները պիտի իրենց փառաբանեն։ Նրանք ելնում են պատմական նմանությունից, եթե 100 տարի հետո, չնայած անառարկելի փաստերի գոյությանը, «Փրկության կոմիտեի» խռովությունը պատմության դասագրքերում ներկայացվում է որպես «փետրվարյան համաժողովրդական ապստամբություն», ապա իրենց երազանքներում «ծռերն» այնքան էլ անհույս չեն։

Բացառված չէ, որ տասնամյակներ հետո, կապված «իրավիճակի փոփոխության» հետ, նրանք նույնպես ռեաբիլիտացվեն եւ ներկայացվեն «թրքաբոլշեւիկյան համակարգի դեմ պայքարի քաջամարտիկի» կերպարով:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31