Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ցանկացած պահի ձեզանից յուրաքանչյուրը կհայտնվի ամբաստանյալի վիճակում». Ալումյանը՝ խոշտանգող ոստիկաններին

Հուլիս 18,2017 11:10

Այսօր հանրային քննարկում էր կազմակերպվել՝ «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» թեմայով, որի ժամանակ խոսեցին փաստաբանների դերի, դատարաններում ծագած խնդիրների մասին:

Փաստաբան Հայկ Ալումյանի դիտարկմամբ, անձը, հաճախ քրեական գործով լրիվ անմեղ լինելով, դուրս է գալիս պետության դեմ եւ իր օգնականը, միակ աջակիցը, որն իր կողքին է, իր փաստաբանն է. «Այն մարդիկ, ովքեր այսօր պետության անունից մարդկանց մեղադրում են դատարաններում՝ օրինական կամ անօրինական ձեւով եւ իրենք պետության կողմից են լինում մարդու դեմ, ցանկացած պահի կարող են իրենք հայտնվեն ամբաստանյալի աթոռին եւ մեղադրվեն այդ նույն պետության կողմից: Փաստաբանի անհրաժեշտությունը կարող է զգալ մեր 3 միլիոնանոց հանրապետության քաղաքացիներից ցանկացածը: Փաստաբանը պետք է ունենա անկախության այն կարեւոր երաշխիքներից մեկը, որ պետությունը չկարողանա փաստաբանին խեղդել ու ստիպել, որ փաստաբանն արդեն ստիպված լինի պաշտպանել ինքն իրեն»:

Ըստ Ալումյանի, պետությունը, երբեմն մի կողմ թողնելով քրգործով մեղադրվողներին, կենտրոնացել է փաստաբաններին համատարած ճնշումների ենթարկելու վրա. «Ստեղծում են իրավիճակներ, որտեղ նախապես կարելի է գուշակել, թե ինչպես իրենց կպահեն փաստաբանները եւ այդ իրավիճակներում փաստաբաններին դնում է անելանելի վիճակի մեջ»:

Ալումյանն ասաց, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի շենքում տեղի է ունեցել «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների նկատմամբ բռնություն, ուժի ոչ օրինական եւ անհամաչափ կիրառում. «Ամբաստանյալները բիրտ ու վիրավորական ձեւով քարշ տալով դատարանից, հանվել են նկուղում գտնվող խցեր եւ ենթարկվել են դաժան ծեծի: Ընդ որում, ամբաստանյալների ձեռքերը եղել են ձեռնաշղթաներով շղթայված եւ այդ վիճակում նրանց ոստիկանները ենթարկել են ծեծի»:

Հայկ Ալումյանն ընդգծեց, որ «փաստաբանի աչքի առաջ՝ փաստաբանից 20 մետր հեռավորության վրա, իր պաշտպանյալին ենթարկում են ծեծի, դուք պատկերացնո՞ւմ եք, սա նշանակում է, որ փաստաբանին մասնագիտական առումով վիրավորում են, իր գործունեությունը հավասարեցնում են զրոյի: Չի կարելի պատկերացնել փաստաբանի նկատմամբ ավելի մեծ վիրավորանք, քան այն, որ իր աչքի առաջ իր պաշտպանյալին ծեծում են եւ ինքը չի կարող որեւէ կերպ միջամտել: Սա նշանակում է, որ այդ հրահանգը տվողները լրիվ արհամարհել են փաստաբանական գործունեությունը»:

Հայկ Ալումյանը դիմեց խոշտանգող ոստիկաններին. «Ցանկացած պահի ձեզանից յուրաքանչյուրը կհայտնվի արդեն ամբաստանյալի վիճակում եւ դուք եք ունենալու փաստաբանի կարիք: Հիմիկվանից մի՛ ապականեք այդ ինստիտուտը, որ հետագայում կարողանաք պաշտպանվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31