Սարգիս Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի «Վազաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն եւ հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնական կեղծիք, այն է՝ 2008թ.հոկտեմբերի 31-ի թիվ 98 հրամանով որպես նախնական զինվորական պատրաստության եւ անվտանգ կենսագործունեության ուսուցիչ աշխատող իր որդու՝ Արամ Խաչատրյանի հետ չունենալով կնքված աշխատանքային պայմանագիր, հիշյալ փաստը իրավապահ մարմիններից թաքցնելու նպատակով 2016թ. նոյեմբերի 16-ից մինչեւ 2016թ. դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատանքային պայմանագիր եւ իրականությանը չհամապատասխանող կեղծ գրառումներ մտցրել՝ այն թվագրելով 2008թ. հոկտեմբերի 31-ին, համապատասխանեցնելով տրված հրամանի ամսաթվին:
Սահմանամերձ գյուղի դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով(«Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը»): Ս. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է վաղը՝ հուլիսի 19-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ