ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը քիչ առաջ իր ՖԲ էջում մանրամասնել է, թե ինչ քննարկում է եղել ՌԴ Պետդումայի ղեկավարի եւ ԱԺ նախագահի միջեւ:
«Հարգելի ընկերներ և գործընկերներ, հաշվի առնելով թեմայի հնչեղությունն ու լայն քննարկումները մանրամասն տեղեկացնում եմ, որ ՌԴ Պետական դումայի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում Արա Բաբլոյանը, խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին, նշել է, որ վերջերս ՌԴ-ում ընդունված՝ օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը մեծ դժվարություններ է առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է վերանայել այդ մոտեցումը:
Ի պատասխան ՀՀ խորհրդարանի ղեկավարի բարձրացրած խնդրի՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ այլ պետությունների վարորդական վկայականներով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու սահմանափակում մտցնող օրենքի ընդունումը պայմանավորված է եղել բացառապես երթեւեկության անվտանգությամբ, քանի որ, ըստ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի, աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետեւանքով չեն տիրապետում ՌԴ երթեւեկության կանոններին, ինչպես նաեւ չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերում աշխատող ռուսական ծրագրերից: Հաշվի առնելով, որ օրենքն արդեն ընդունված է՝ իր հերթին Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ՀՀ-ում ռուսերենը օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել են բացառություններ:
Հակադարձելով այս առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա: ՀՀ խորհրդարանի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը:
Քննարկումների արդյունքում Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ռուսական կողմը բաց է քննարկումների համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում անդրադառնալ այդ հարցին՝ գտնելով հնարավոր այլընտրանքային լուծումներ»: