Հուլիսի 17-ին Ազատության հրապարակից մեկնարկեց հավաք-երթը` «Սասնա ծռերի» ապստամբության 1-ամյակի առիթով: Երթի մասնակիցներն անցան Հյուսիային պողոտայով, ապա Նալբանդյան, Մոսկովյան, Մաշտոցի պողոտաներով ու նորից վերադարձան Ազատության հրապարակ: Նրանք վանկարկում էին «Մահ ռեժիմին», «Ինքնիշխան Հայաստան», ինչպես նաեւ «Սասնա ծռերի» անունները:
Երթին, ի թիվս այլոց, մասնակցում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, որը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ կրթություն էր ստանում: Երթի մասնակիցները մի պահ կանգ առան ԱԱԾ շենքի մոտ:
«Այսօր Ազգային ժողովի չակերտավոր խոսնակը հանդիպել է Ռուսաստանի իր կոլեգայի հետ, եւ կոլեգան ասել է` եթե ուզում եք, որ մենք այլեւս չանհանգստացնենք հայ վարորդներին, դրա փոխարեն Հայաստանում ռուսական լեզվին պետք է կարգավիճակ տաք»,-բարձրախոսով հայտարարեց Դավիթ Սանասարյանը: Դրան հետեւեցին սուլոցները եւ հարվածները թմբուկներին: Ապա նա մատնացույց արեց ԱԱԾ շենքը. «Բոլորս գիտենք, որ այս կառույցը ծառայում է ռուսական ԿԳԲ-ին, սրանք ռուսական ԿԳԲ-ի ներկայացուցիչներն են, ստրուկները: Այս շենքում են պահում Սասնա ծռերից 4-ին… Ազատություն Գագիկին, Կարոյին, Էդգարին, Արամին… Ազատություն Սասնա ծռերին»:
Ի դեպ, երթը չէր ուղեկցում որեւէ ոստիկան: Նրանք կարծես բոյկոտել էին այն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ